Hooverphonic խումբը մոգական երաժշտությամբ երևանյան հանդիսատեսին տարավ իր հույզերի աշխարհ
4 րոպեի ընթերցում

Hooverphonic բելգիական խումբը, որը լայն ճանաչում ունի ոչ միայն հայրենիքում, այլև երկրի սահմաններից անդին, առաջին անգամ հյուրընկալվել էր Հայաստանում: Մայիսի 7-ին Hooverphonic-ն «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, իսկ մայիսի 8-ին՝ միայնակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բենդը համերգը սկսեց ճիշտ ժամանակին: Երգահան, Hooverphonic-ի բաս կիթառահար Ալեքս Կալլիերը հումորով ներողություն խնդրեց ներկաներից՝ ասելով, որ ստիպված էին այդպես վարվել, քանի որ համերգից մի քանի ժամ անց վերադառնում են Բելգիա:
«Մենք պատրաստվում ենք նվագել մեր դասական երգերը, հիթերը, գործեր, որոնք իսկապես սիրում ենք, որոնք մոտ են մեր սրտին»,-ասաց երաժիշտը:
Mad About you, 2 Wicky, Badaboum, Sometimes, Eden, Vinegar & Salt և այլ հիթային երգերը, որոնք ոգևորում էին հանդիսատեսին, խումբը կատարեց անմնացորդ նվիրումով:
«Ցանկանում ենք երաժշտասերներին տեղափոխել մեկ այլ աշխարհ, այլ մոլորակ՝ նրանց կտրելով առօրյա հոգսերից ու խնդիրներից: Մեզ համար կարևոր է հուզել մարդկանց: Մեր երաժշտությունը գուցե մելանխոլիկ է, բայց այն լսարանին երևակայական ու գեղեցիկ աշխարհ է տանում»,-ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը նշել էր Կալլիերը:
Hooverphonic-ը ստեղծվել է 1995 թվականին։ Խումբը ստեղծագործում է փոփ, ռոք ժանրերում։ Խմբի երգերը հաճախ դասում են լաունջ ժանրին։ Երջանիկ պատահականությամբ Hooverphonic-ի 2 Wicky առաջին սինգլը դարձել է Բերնարդո Բերտոլուչիի «Անորսալի գեղեցկություն» ֆիլմի սաունդթրեքը, խմբի երգերից մեկը հնչում է Ջեյմս Բոնդի մասին պատող ֆիլմերից մեկում: 2021 թվականին Hooverphonic-ը The Wrong Place երգով Բելգիան է ներկայացրել «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթում:
Երկարակյաց խմբի երաժիշտներից մի քանիսը պարբերաբար փոխվում են, սակայն Hooverphonic-ի ունիկալ ձեռագիրը՝ երբեք: Խմբի վոկալիստ Հեյկե Առնարդը, որի հուզիչ ձայնն ասես անսպառ լինի, նշել էր, որ սիրտ ու հոգի կդնեն իրենց կատարումներում և անհամբերությամբ կսպասեն Հայաստանի հանդիսատեսի արձագանքին:
Համերգային երեկոյին Ալեքս Կալլիերը պատմեց, որ իրենց ձայնագրություններից մեկի ժամանակ ծանոթացել են Մարիամ անունով հայուհու հետ: Նրանց միջև մտերմություն է ստեղծվել: Այդ տարիներին Մարիամն ապրել է Բելգիայում և ամուսնացել բելգիացու հետ, սակայն որոշ ժամանակ անց եկել է Հայաստան, որտեղ ամուսնացել է հայի հետ: Կալլիերը հիշեց իր ու կնոջ սիրո պատմությունը, ասաց, որ նրա համար երգ է գրել, որը կատարեցին նաև երևանյան համերգին, և հավելեց՝ եթե ամեն դեպքում կյանքն այնպես ընթանա, որ երկրորդ անգամ ամուսնանա, կինն անպայման հայուհի կլինի:
Կալլիերը խոստովանեց՝ ստեղծագործելիս իրենց ոգեշնչում են պարզ, հասարակ երևույթները, սերն ու մարդիկ: Նա այնքան լավ է զգացել Երևանում, որ հյուրանոցային համարում գրել է նոր երգ, որը կոչվում է Again (Նորից):
«Երբ ժամանեցինք Երևան, ժամեր անց հանդիպեցինք լրագրողներին: Մեզ հարցրին, թե ինչ ակնկալիքներ ունենք հանդիսատեսից: Անկեղծ պատասխանեցինք՝ չգիտենք: Այժմ գիտենք: Դուք հրաշալի եք, իսկ Երևանում գրված «Նորից» երգը փաստում է՝ մենք անպայման կվերադառնանք»,-ընդգծեց երաժիշտը:
Խմբի երկրպագուները դժվարությամբ բաց թողեցին արտիստներին. բուռն ծափահարում էին, գոռում, ճչում, «բրավո» վանկարկում: Համերգային երեկոն միանշանակ ստացված էր: