ԱՆԻՖ-ի գործով քննությունն ակտիվ փուլում է, չեն բացառվում քրեական հետապնդումները. գլխավոր դատախազ
4 րոպեի ընթերցում

ԱՆԻՖ-ի աշխատակիցների հնարավոր չարաշահումների քրեական գործով քննությունն ակտիվ փուլում է, առաջիկայում չի բացառվում քրեական հետապնդման իրականացումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Գլխավոր դատախազն ընդգծել է, որ, չնայած նախաքննության գաղտնիությանը, քննությունն այսօր ներառում է մի քանի հիմնական ուղղություններ, որոնք արդեն հանրային քննարկման թեմա են դարձել։ Նա արձագանքել է նաև լրատվամիջոցների կողմից թեմայի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝ նշելով, որ մամուլում հրապարակված տվյալները ևս դառնում են քննության առարկա։
«Շատ կարճ նշեմ, թե քննությունն ինչ ուղղություններով է ընթանում։ ԱՆԻՖ-ի աշխատակիցների բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ ստանալու, ինչպես նաև մի շարք ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում հնարավոր չարաշահումներ կատարելու դրվագներ են ուսումնասիրվում»,-ասաց Վարդապետյանը։
Նա հատուկ նշեց այն ընկերությունների ցանկը, որոնց անունները հիշատակվում են մամուլում և ընդգրկված են քննության շրջանակում։
«ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի, 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով իրականացվող քրեական վարույթի շրջանակներում քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ ստանալու, «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ /Ֆլայ Առնա/, «ANGIE Services», «Աութսորս» ՍՊԸ, «Առևա Կոնսալտինգ» ՍՊԸ, «Caucasus Sevises LLC», «Mitecube S.r.l.», «Քեյ ընդ Ջի», «Մասդար», «Սերմից Ֆերմա», «Հարդ Ռոք», «Գլոբալ Քոննեքթ», «Տավրոս ԿՎՄ», «Ապագա Փրոջեքթս» ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագները»,-ասաց Վարդապետյանը։
Դատախազը շեշտեց, որ քննությունը վերաբերում է նաև պաշտոնատար անձանց, որոնք տարբեր կարգավիճակներով արդեն հարցաքննվել են։
«Ոչ թե բացատրություններ են տրվել, այլ վարույթի շրջանակում հարցաքննվել են՝ տարբեր կարգավիճակներով, այդ թվում՝ պաշտոնատար անձինք»,-նշեց Վարդապետյանը։
Անդրադառնալով կոնկրետ թվերին՝ գլխավոր դատախազը հայտնեց, որ առնվազն մեկ դրվագով խոսքը վերաբերում է մոտ 2 միլիոն դոլարի չափով գումարի։
«Այդ դրվագով արդեն ունենք հեռանկարով քննություն՝ քրեական հետապնդման հնարավորությամբ»,-հավելեց նա։
Վարդապետյանն ընդգծեց, որ նախքան գործի դատարան ուղարկումը, հանրությանը չեն ներկայացվում ամբողջական տվյալներ՝ քննությանը չվնասելու նկատառումներից ելնելով։
Նա վստահեցրեց, որ համապատասխան պահին դատախազությունը կներկայացնի քննության արդյունքները։