Իրավունք

Դատախազությունը նվազեցրել է վճռաբեկ բողոքների թիվը՝ հիմնվելով նախադեպային որոշումների վրա

2 րոպեի ընթերցում

Դատախազությունը նվազեցրել է վճռաբեկ բողոքների թիվը՝ հիմնվելով նախադեպային որոշումների վրա

Ազգային ժողովում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձավ դատախազության բողոքարկման քաղաքականության փոփոխությանն՝ ընդգծելով, որ բողոքները ներկայացվում են միայն հեռանկարային դեպքերում՝ խուսափելով դատարանների անհարկի ծանրաբեռնվածությունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրեց, որ 2024 թվականին գլխավոր դատախազի և նրա տեղակալների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքների 11,3 տոկոսը բավարարվել է, մինչդեռ 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է 5,3 տոկոս։ Աննա Վարդապետյանը բացատրեց այս աճը դատախազության նոր մոտեցմամբ։

Նրա խոսքով՝ դատախազությունը հիմք է ընդունում վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած նախադեպային որոշումները և խուսափում է բարձր ատյանները ծանրաբեռնել այն գործերով, որոնց վերաբերյալ արդեն կան հստակ դիրքորոշումներ։

«Այս թվային տարբերությունը պայմանավորված է ոչ թե նրանով, որ վճռաբեկ դատարանը հակված է բավարարելու դատախազության բողոքները, այլ նրանով, որ մենք բողոք ենք ներկայացնում միայն այն դեպքերում, երբ տեսնում ենք հեռանկար»,-ասաց նա։

Վարդապետյանը նշեց, որ նման մոտեցում է կիրառվում նաև վերաքննիչ բողոքների դեպքում։ Գլխավոր դատախազը մատնանշեց  մի նրբություն ևս՝ կապված պատժաչափերի և դատական գործընթացի ողջամիտ ժամկետների հետ։

«Շատ դեպքերում, երբ անգամ համաձայն չենք պատժի չափի հետ, հաշվի ենք առնում, որ առաջին ատյանի քննությունը երկար է տևել։ Այս պարագայում գերադասում ենք, որ դատական ակտն ուժի մեջ մտնի, որպեսզի արդարադատությունն իրականացվի և նոր գործընթացով չվտանգվի ողջամիտ ժամկետը»,-ասաց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը նաև նշեց, որ վերջին շրջանում դատախազությունը հրապարակում է առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռները՝ նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք որոշակի տարբերություն ունեն դատախազության առաջարկած պատժի համեմատ։

«Եթե պատժի տարբերությունը կազմում է 6 ամիս կամ մեկ տարի, դա վճռորոշ չէ արդարադատության տեսանկյունից, և նման դեպքերում ևս բողոք չենք ներկայացնում»,-եզրափակեց Վարդապետյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում