Մշակույթ

Վկայագրվեց Գավառ քաղաքի տարածքում վերջերս գտնված Վիշապաքարը և նույն տարածքի՝ 9-10-րդ դարերով թվագրվող խաչքար

2 րոպեի ընթերցում

Վկայագրվեց Գավառ քաղաքի տարածքում վերջերս գտնված Վիշապաքարը և նույն տարածքի՝ 9-10-րդ դարերով թվագրվող խաչքար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վկայագրվեց Գավառ քաղաքի տարածքում վերջերս գտնված Վիշապաքարը և նույն տարածքի՝ 9-10-րդ դարերով թվագրվող խաչքարը։ 

 «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ վկայագրման աշխատանքները տեղում իրականացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի պատմաբան Արմեն Ասատրյանը և ճարտարապետ Արմեն Թոփլաղալցյանը։ 

Նրանք հետազոտեցին Վիշապաքարի տարածքը, քարտեզագրեցին տեղանքն ու չափագրեցին հուշարձանը, կազմեցին համապատասխան տեղեկանք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովին ներկայացնելու համար։

«Մենք վկայագրման աշխատանքներն  արեցինք՝ հիմք ընդունելով  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանի և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի կողմից ԿԳՄՍ նախարարություն ուղարկված համապատասխան գրությունները։ Նորահայտ ցլակերպ վիշապաքարը լիովին նման է մինչ այժմ Հայաստանի տարածքում գտնված վիշապաքարերին, որոնց թիվն անցնում է շուրջ 150-ից։ Վիշապաքարից մոտ 200 մետր հեռավորությամբ ուսումնասիրեցինք 9-10-րդ դարերի մի խաչքար, որը ևս ներառեցինք վկայագրման մեր աշխատանքներում։ Կարծում ենք, որ Վիշապաքարը տեղաշարժված է իր հիմնական տեղից, որոշակիորեն վնասված է, նրա վրա անգամ վերջին ժամանակների փորագրության հետքեր կան, սակայն այն հիմնականում պահպանված է իր տեսքի ու բովանդակության մեջ։ Մենք կստեղծենք այսօր վկայագրված երկու հուշարձանների համար պահպանության գոտի, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարության  փորձաքննական հանձնաժողովի եզրակացությունից հետո նորահայտ Վիշապաքարն ու խաչքարը կստանան պետական հուշարձանի կարգավիճակ։ Իսկ ընդհանրապես, այս տարածքը, որը հարուստ է պատմամշակութային հարուստ միջավայրով, կարիք ունի հնագիտական ավելի ընդգրկուն հետազոտության»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Արմեն Ասատրյանը։ 

Խոսրով    Խլղաթյան    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում