«Սևան» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձինք պատրաստում են մարզասարքեր այլ քրեակատարողական հիմնարկների համար
1 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածության, միևնույն ժամանակ՝ քրեակատարողական հիմնարկների գույքային ապահովվածության բարելավման համար։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, «Սևան» քրեակատարողական հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված, համապատասխան կրթություն ստացած դատապարտյալները պատրաստում են մարզասարքեր բոլոր քրեակատարողական հիմնարկների մարզասրահների համար։ Իսկ մինչ այդ «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների կողմից իրականացվել էին «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների խցերի վնասված դռների և մահճակալների վերանորոգման աշխատանքներ։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նման վերասոցիալականացման ծրագրերի շնորհիվ ազատազրկված անձինք նաև ձեռք են բերում մասնագիտական նոր հմտություններ կամ կատարելագործում դրանք, ինչն էլ իր հերթին ազատազրկված անձին ընձեռում է գումար վաստակելու հնարավորություն և ֆինանսական որոշակի կայունություն։