Հայաստան

Կյանքից հեռացել է ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը

3 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը

Մահացել է ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։  

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԳԱԱ մամուլի բաժնից:

Ռադիկ Մարտիրոսյանն 89 տարեկան էր։  

Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936 թվականի մայիսի 1-ին։ 

Մարտիրոսյանը 1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աստղաֆիզիկոսի որակավորմամբ։

1960-1960 թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1964-1968 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի իսնտիտուտի ավագ գիտաշխատող, 1968-1970 թթ.՝ լաբորատորիայի բաժնի վարիչ, 1970-1980 թթ.՝ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, 1980-2006 թթ.՝ տնօրեն։ 1965 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, 1983-1993 թթ.՝ ԵՊՀ գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1993-2006 թթ.՝ ԵՊՀ ռեկտոր։ 2006 թվականից իր ստեղծած ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչն է, 2006-2021 թվականներին եղել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը։ Մարտիրոսյանը ԵՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն էր։

Հետազոտություններ  է իրականցրել քվանտային ռադիոֆիզիկա, գերհաղորդականության կիրառական պրոբլեմներ, տիեզերական հետազոտություններ, ռադիոաստղագիտություն բնագավառներում, ինչպես նաև  Երկրի բնական պաշարների ուսումնասիրություններ ռադիոֆիզիկական մեթոդներով։

Մարտիրոսյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների, որոնք վերաբերում են դեցիմետրական տիրույթի քվանտային ուժեղացուցիչների ստեզծմանը և դրանց ռադիոաստղագիտական կիրառություններին, քվանտային էլեկտրոնիկայի համար արհեստական բյուրեղների ստեղծման տեխնոլոգիաների կատարելագործմանը, բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգերի մշակմանն ու ներդրմանը։ Մասնավորապես առաջարկել է մակարդակների շրջման սխեմա, որը թույլ է տալիս միաժամանակ ուժեղացնել տարբեր հաճախություններով երկու ազդանշաններ։ Փորձնականորեն այդ սխեման իրականացրել է 21 սմ և 3 սմ ալիքի երկարությունների համար։

Նա մշակած ալիքատարային քվանտային ուժեղացուցիչը РАТАМ-600 մեծ ռադիոաստղադիտակի ընդունող համակարգի զգայունությունը մեծացրել է 14 անգամ, որը թույլ է տվել հետազոտել տիեզերական մի շարք լազերային աղբյուրների ռադիոճառագայթումը։ Նրա գիտական ղեկավարությամբ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում ստեղծված բարձր զգայնության ռադիոընդունիչ սարքերը լայնորեն կիրառվել են բնական պաշարների հետազոտման «Պրիրոդա» և «Օկեան» տիեզերական ծրագրերում, ինչպես նաև ռադիոաստղագիտական և բժշկակենսաբանական հետազոտություններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում