Իրավունք

Նոր Նորքի թաղապետարանի շենքում տեղի ունեցած միջադեպի հարցը «Հանրապետություն» կուսակցության դաշտում է. ԱԺ նախագահ

3 րոպեի ընթերցում

Նոր Նորքի թաղապետարանի շենքում տեղի ունեցած միջադեպի հարցը «Հանրապետություն» կուսակցության դաշտում է. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց ապրիլի 29-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի շենքում տեղի ունեցած միջադեպը՝ ընդգծելով, որ պետական պաշտոնյան պետք է կարողանա զսպվածություն պահպանել նույնիսկ սադրանքի պայմաններում։

«Ես համարում եմ, որ շատ վատ միջադեպ է տեղի ունեցել, և պաշտոնյան պետք է զսպի իրեն՝ չնայած ակնհայտ սադրանքներին և ակնհայտ նպատակներին այդ սադրանքը իրականացնելու։ Կարծում եմ, որ հարցը «Հանրապետություն» կուսակցության դաշտում է, և պետք է իրենց որոշումը լինի։ Իրենք իրենց հայտարարությունը արել են»,–«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց Սիմոնյանը։

Նա հավելեց, որ շատ դժվար է, երբ խոսքի ազատությունը խառնում են լկտիության, լպիրշության և ամենաթողության հետ, բայց պետական պաշտոնյան պետք է ինքնատիրապետում ունենա։ 

«Իսկ երբ չի լինում այդ ինքնատիրապետումը, պետք է համարձակություն ունենա ներողություն խնդրելու կամ ինչ-որ ձևով դրան արձագանքելու»,- եզրափակեց Սիմոնյանը։ 

Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի շենքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ վեց անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդմամբ։ Նրանց թվում են Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, ակտիվիստ Արթուր Չախոյանը և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Տեր-Մարգարյանի և ևս երեք անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն գործադրելու համար։ Իսկ Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով։

Բոլոր մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։  

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մհեր Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում