Հայաստանում առաջին անգամ անցկացվել է միջազգային ճանաչում ունեցող «PHUSE» կոնֆերանսը
3 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը մայիսի 2-ին հյուրընկալել է «PHUSE Single Day Event»-ը՝ միջազգային հեղինակություն վայելող կոնֆերանս, որը Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Ուռուցքաբանության ազգային կենտրոնից։
Միջոցառումն իրականացվել է «Գուրուս CRO» ընկերության նախաձեռնությամբ և մեկ հարկի տակ համախմբել շուրջ 20 կլինիկական փորձարկումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Վրաստանից, ինչպես նաև Հայաստանի առողջապահական համակարգի ավելի քան 200 մասնագետների։
«PHUSE Single Day Event»-ը համաշխարհային մասշտաբով անցկացվող մեկօրյա կոնֆերանս է, որը միտված է տվյալ տարածաշրջանի առողջապահական ոլորտում, մասնավորապես, կլինիկական հետազոտությունների, տվյալագիտության և կենսաչափության զարգացման խթանմանը։
Ողջունելով մասնակիցներին՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ծառուկյանը նշել է, որ նման միջոցառման անցկացումը Հայաստանում մեծ պատիվ է։
«Կարծում եմ՝ սա նշանակալի իրադարձություն է մեր առողջապահական համակարգի համար, և լիահույս եմ, որ այն կունենա շարունակական ազդեցություն», – ասել է նա։
«PHUSE» ՀԿ Եվրոպա–Մերձավոր Արևելք–Աֆրիկա տարածաշրջանային ղեկավար Ջոն Սոլթերը կարևորել է միջոցառման աշխարհագրական ընդգրկման ընդլայնումը և շնորհակալություն հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության համար։
«Գուրուս CRO»-ի համահիմնադիր և տնօրեն Վահե Մարտիրոսյանը իր խոսքում շեշտել է, որ սա կարևոր քայլ է մեր տարածաշրջանի համար՝ Հայաստանը միջազգային շուկայում որպես կլինիկական հետազոտությունների հաջորդ հաջողակ կենտրոն ներկայացնելու տեսանկյունից։
«Կոնֆերանսը հրաշալի հնարավորություն է ոլորտի մասնագետների համագործակցության, նոր ուղղությունների որոնման և առկա խնդիրների բարձրաձայնման համար»,- ընդգծել է նա։
Միջոցառման շրջանակում ներկայացվել են ավելի քան մեկ տասնյակ ոլորտային զեկուցումներ, անցկացվել պանելային քննարկումներ և փորձի փոխանակում։