Աշխարհ

Թրամփը շնորհավորել է Քարնիին Կանադայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Թրամփը շնորհավորել է Քարնիին Կանադայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին շնորհավորել է երկրի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում նրա Լիբերալ կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 29-ին հաղորդել է Կանադայի վարչապետի գրասենյակը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, երկու ղեկավարները համակարծիք են եղել, որ Միացյալ Նահանգների և Կանադայի համագործակցությունը «որպես անկախ, ինքնիշխան պետություններ», շատ կարևոր է։ Միևնույն ժամանակ, Թրամփը և Քարնին, որն ԱՄՆ-ի գործող նախագահի խիստ քննադատն է, ցանկություն են հայտնել առաջիկայում անձնական հանդիպում անցկացնել։

Կանադայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 28-ին ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման, Վաշինգտոնի կողմից կանադական ապրանքների նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանելու և հարևան երկիրը ԱՄՆ-ի 51-րդ նահանգը դարձնելու Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին։ 

Ընտրություններում իր կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ ելույթում Մարկ Քարնին խոստացել է վճռականորեն դիմակայել Թրամփի «ագրեսիվ քաղաքականությանը»։

Ձայների 99,9%-ի հաշվարկի արդյունքներով, Կանադայի Լիբերալ կուսակցությունն ընտրություններում ստացել է 169 մանդատ. բացարձակ մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 172 մանդատ։ Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունը կստանա 144 պատգամավորական աթոռ։

Մարկ Քարնիին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում