Հայաստանի և Ֆրանսիայի պատմական ու մշակութային երկխոսությանը նոր երանգ ու բովանդակություն է հաղորդվում

6 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային գրադարանում ապրիլի 29-ին մեկնարկել է «Ֆրանսիա- Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որն անցկացվում է ՀՀ-ում ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների շրջանակում։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ միջոցառման շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն ստորագրել են փոխըմբռնման և համագործակցության հուշագիր։

Մասնակիցների ներկայացուցչական կազմը ոչ միայն հատուկ նշանակություն է հաղորդել այս գիտաժողովին, այլև ուրվագծել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ոլորտային համագործակցության զարգացման և խորացման ուղիները: Համաժողովի կարևորության մասին է վկայում բացման արարողությանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուի, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի, հայկական թեմաներով եվրոպական օպերաներին նվիրված հրատարակությունների հեղինակ Ալեքսանդր Սիրանոսյանի, անվանի այլ գիտնականների և մասնագետների մասնակցությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով մասնակիցներին, արձանագրեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները բացառիկ են՝ ագուցված պատմական, քաղաքական և մշակութային դարավոր կապերով:

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր համագործակցությունն անընդհատ զարգացել և խորացել է՝ ընդգրկելով բազմաթիվ ոլորտներ: Մեր ժողովուրդների բարեկամության արմատները շատ ավելի խորն են, քան պաշտոնական հարաբերությունների պատմությունը:

Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի հավատարիմ բարեկամը՝ թե՛ խաղաղ, թե՛ փորձությունների ժամանակներում: Հայաստանի Հանրապետության և մեր երկրի հանրության համար այդ աջակցությունը և բարեկամությունը վերջին տարիների մարտահրավերներին դիմագրավելու ամենաառանցքային գործոններից են: Համընդհանուր է շնորհակալության ու երախտագիտության զգացումը, որը մենք տածում ենք Ֆրանսիայի և այդ երկրի հանրության նկատմամբ»,- նշեց նախարարը:

Նախարարն ընդգծեց նաև, որ Ֆրանսիան Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է եվրոպական ինտեգրման գործընթացում: Իսկ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակում համագործակցությունը նոր հորիզոններ է ուրվագծել՝ ամրապնդելով մշակութային և լեզվական կապերը:

Խորապես խորհրդանշական համարվեց գիտաժողովը Հայաստանի ազգային գրադարանում անցկացնելու հանգամանքը, քանի որ, ըստ նախարարի, գրադարաններն ու գիտական հաստատությունները մշտապես եղել են մշակութային երկխոսության առաջին գծում՝ վերածվելով համագործակցության և բազմակողմանի քննարկումների հարթակի:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների և այլ հաստատությունների միջև համագործակցության հուշագրի կնքումը՝ նշելով, որ այն կնպաստի հետագայում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Երկկողմ համագործակցության համատեքստում նախարարն առանձնացրել է կարողությունների զարգացմանը միտված կրթական ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ գրադարանային ոլորտում համագործակցությունը պետք է ուղղվի նաև տեխնոլոգիական զարգացմանը:

Ներկաներին ողջունեցին նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան, հեղինակավոր փորձագետ Ալեքսանդր Սիրանոսյանը:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներ կներկայացնեն անվանի հետազոտողներ, գիտնականներ և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, կկազմակերպվեն նաև քննարկումներ՝ նվիրված հայ-ֆրանսիական բազմադարյա հարաբերություններին, գրական ու մշակութային կապերին, հրատարակչական ժառանգությանը և այլ թեմաների։ 

Առանձին ցուցասրահում կազմակերպվել է հայաստանյան հրատարակչությունների գրքերի ցուցահանդես, որտեղ ներկայացված են հայ-ֆրանսիական փոխառնչությունների հրատարակությունները, ֆրանսիական գրականության թարգմանություններ և այլն:

Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում առաջին անգամ կներկայացվեն այս գրադարանի անձեռնմխելի գրականության բաժնի բացառիկ նմուշներ՝ Ֆրանսիայում հրատարակված հայերեն և ֆրանսերեն հնատիպ գրականության և մամուլի օրինակներ:

Գիտաժողովի հանդիսավոր փակումը տեղի կունենա ապրիլի 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այստեղ նախատեսված է նաև «Վերադարձ դեպի «Տիգրանի մետամորֆոզները»» համերգային ծրագիրը: Կհնչեն հատվածներ արևմտաեվրոպական կոմպոզիտորների օպերաներից, որոնք առնչվում են հայոց պատմությանն ու մշակույթին: Համերգային ծրագիրը նվիրված է գիտաժողովի պատվավոր բանախոս Ալեքսանդր Սիրանոսյանին:

Հայերեն

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով