Մշակույթ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

3 րոպեի ընթերցում

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

Պարի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի խումբ ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: 

Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: 

Ոլորտում երկարատև գործունեության և պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍՆ մեդալի են արժանացել.

  • Բալետի արտիստ, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արթուր Գասոյանը
  • Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ԵՐԳԻ-ՊԱՐԻ պետական անսամբլի պարախմբի արտիստ Արթուր Հայրապետյանը
  • ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասական պարի դասախոս Վլադիմիր Շահվերդյանը
  • «Հաճըն» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արսեն Ավետիսյանը
  • «Վալենս» և «Զանգեզուր» պարային համույթների գեղարվեստական ղեկավար Վահագն Գասպարյանը:

Նախարարը շնորհավորել է պարարվեստի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ոլորտում ներդրած ջանքերի համար:

«Արվեստն ու մշակույթը բացառիկ ուժ և  ոգևորություն են փոխանցում և մշտապես օգնում են թե՛ հանրային, թե՛ պետական մակարդակում՝ դիմակայելու մարտահրավերներին և հաղթահարելու դժվարությունները։ Տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ թվում է՝ ամեն ինչ հնարավոր է ստեղծել թվային գործիքների կիրառմամբ,  առանձնակի կարևորվում է ստեղծագործելու հատկությունը, որը մարդուն դարձնում է անկրկնելի ու անփոխարինելի»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ պարարվեստի ներկայացուցիչներին ուղղված գնահատանքը միտված է նաև հանրության շրջանում նրանց գործունեության տեսանելիության բարձրացմանը, պարարվեստի հանրահռչակմանը:

Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է պարի տարածումը և ուսուցումը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի՝ վերջերս ներդրված սոցիալական կրեդիտի համակարգը նպաստավոր է երեխաների շրջանում պարարվեստը խրախուսելու համար: Այս համատեքստում նա կոչ է արել ոլորտի ներկայացուցիչներին՝ առավել ակտիվորեն մասնակցել պարը հանրության շրջանում տարածելու և հասանելի դարձնելու գործընթացին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում