Աշխարհ

Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի զոհերի թիվը հասել է 11-ի

2 րոպեի ընթերցում

Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի զոհերի թիվը հասել է 11-ի

Կանադայի Վանկուվեր քաղաքում մարդկանց բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Իրավապահները միջադեպը չեն որակում որպես ահաբեկչություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել ֆիլիպինյան համայնքի փառատոնի ժամանակ, տեղական ժամանակով ապրիլի 26-ի երեկոյան։ Դեպքի վայրում ձերբակալվել է վանկուվերցի 30-ամյա մի տղամարդ։ Ըստ ոստիկանության՝ նա բազմիցս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։

Ապրիլի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանապետի պաշտոնակատար Սթիվ Ռաին հայտնել է, որ տասնյակ մարդիկ վիրավորվել են, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։ Զոհերի թիվն, ըստ նրա, առաջիկա օրերին և շաբաթներին կարող է աճել։ 

Ոսստիկանությունն առայժմ չի պարզել հարձակման շարժառիթը։

Կանադան բազմաթիվ ցավակցական հաղորդագրություններ է ստացել աշխարհի տարբեր երկրների և կառույցների ղեկավարներից, որոնց թվում են Ֆիլիպինների նախագահ Բոնգբոնգ Մարկոսը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և այլք։ 

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես իր ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Ողբերգությունը տեղի է ունեցել Կանադայում մարտի 28-ին նախատեսված դաշնային ընտրություններից երկու օր առաջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում