Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։
Ցնցված ենք Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության մասին: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ընդդեմ ահաբեկչության ցանկացած ձևի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
Shocked to hear of the devastating terrorist attack in #Pahalgam. Our deepest condolences to the families of the victims & wishes of a speedy recovery to the injured. #Armenia stands with brotherly #India against any form of terrorism. @IndianDiplomacy
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) April 22, 2025
Առնվազն 28 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսի Ջամու և Քաշմիր նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Տեղական կառավարության ղեկավար Օմար Աբդուլլան, սակայն, նշել է, որ զոհերի թվի մասին պաշտոնական ճշգրիտ տվյալներ դեռ չկան։ Տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում։
Հարձակումը տեղի է ունեցել Պահալգամ քաղաքում, որտեղ եղել են մեծ թվով զբոսաշրջիկներ։ Զինյալների խումբը կրակ է բացել նրանց վրա։ Զբոսաշրջիկները հիմնականում հնդիկներ են։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վճռականորեն դատապարտել է ահաբեկչությունը Պահալգամում, ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։