Կրթություն

Միջին Արևելքի և ժամանակակից իսլամի մասնագետ Ժիլ Կեպելը բացառիկ դասախոսությամբ է հանդես եկել ՀՖՀՀ-ում

5 րոպեի ընթերցում

Միջին Արևելքի և ժամանակակից իսլամի մասնագետ Ժիլ Կեպելը բացառիկ դասախոսությամբ է հանդես եկել ՀՖՀՀ-ում

Միջին Արևելքի և ժամանակակից իսլամի մասնագետ, քաղաքագետ Ժիլ Կեպելն «Աշխարհի կարգի խաթարումը. հոկտեմբերի 7-ից մինչև Դոնալդ Թրամփի ընտրություն» խորագրով դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասախոսությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր և ուսանողներ։ 

ՀՖՀՀ  ռեկտոր, Հայաստանի Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի նախագահ դոկտոր Սալվա Նակուզին, համալսարանում հյուրընկալվելու համար շնորհակալություն հայտնելով պրոֆեսորին, ընդգծեց, որ  Ժիլ Կեպելը  ճանաչված մասնագետ է, որը տասնամյակներ շարունակ խոսում է Միջին Արևելքի, Եվրոպայի և իսլամիզմի մասին: 

«Շատ հետաքրքիր է, որ Ժիլ Կեպելը Միջին Արևելքի ամբողջ տարածաշրջանի մասնագետ է և 40 տարի շարունակ ծայրից ծայր անցել է տարածաշրջանով՝ Եգիպտոսից Լիբանան, Սիրիա, Իրան: Եվ այս տարիների ուսումնասիրությունների արդյունքում նա ունի համապարփակ հայացք: Կեպելը սոցիոլոգ է, ինչ-որ առումով՝ պատմաբան, քաղաքական գիտությունների և աշխարհաքաղաքականության մասնագետ, որը իր վերլուծության մեջ համադրում է մի շարք գիտական փաստեր, ինչը հնարավորություն է տալիս ավելի գլոբալ հայացք ունենալ»,-նշեց ՀՖՀՀ ռեկտորը:

Դոկտոր Սալվա Նակուզին նշեց, որ Կեպելը մի շարք գրքերի հեղինակ է. մի քանի օրից նաև Հայաստանում հանրությանը կներկայացվի նրա նոր գիրքը «Աշխարհի կարգի խաթարումը. հոկտեմբերի 7-ից մինչև Դոնալդ Թրամփի ընտրություն» թեմայի շուրջ (խմբ. 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժումը հարձակում իրականացրեց Իսրայելի վրա, որին հաջորդեցին Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, որոնք մինչ օրս շարունակվում են):

«Ժիլ Կեպելն իսլամիզմի մասին տարբեր հայտնի համալսարաններում դասախոսություններ է կարդում, ինչն այսօր շատ կարևոր է դարձել: Այդուհանդերձ, այսօրվա կոնֆերանսի շրջանակներում մենք սահմանափակվելու ենք «Աշխարհի կարգի խաթարումը. հոկտեմբերի 7-ից մինչև Դոնալդ Թրամփի ընտրությունը» ժամանակաշրջանով. մի դիտանկյուն, որը հետաքրքրում է հայերին: Պրոֆեսորը կխոսի, թե ինչու աշխարհակարգի խաթարում տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին, ինչու գլոբալ փոփոխություն եղավ Եվրոպայում և ամբողջ Արևմուտքում, ինչպես նաև կանդրադառնա աշխարհակարգի խաթարման մեջ Թուրքիայի և Իրանի տեղին ու դերին»,-ասաց դոկտոր Սալվա Նակուզին: 

Ժիլ Կեպելն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու համար: 

«Ես չէի պատկերացնում, որ գրքի համաշխարհային մեկնարկը տեղի կունենա Հայաստանում՝ Ֆրանսիական համալսարանում: Գիրքը պաշտոնապես կներկայացվի Ֆրանսիայում:»,-նշեց պրոֆեսորը:

Ժիլ Կեպելը, խոսելով գրքի մասին, նշեց, որ հոկտեմբերի 7-ը մի շարք հարցեր է բարձրացրել, որոնք վերաբերում են ցեղասպանության գաղափարին, և ինքը, ուսումնասիրելով «ցեղասպանություն» տերմինի ծագման պատմությունը, բացահայտել է, որ այն ի սկզբանե մշակվել է Բեռլինում՝ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի սպանությանը հաջորդած դատավարության ժամանակ:  

«Ցեղասպանություն տերմինը դարձել է բազմաչափ հասկացություն և օգտագործվում ու շահարկվում է մի շարք անձանց կողմից, որպեսզի իրենց հարցը, պայքարն առաջ տանեն: Ես այսօր նաև պատիվ ունեցա այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հանդիպեցի թանգարանի տնօրենին: 

Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար, որովհետև սա ինձ հնարավորություն է տալիս նաև հայ գործընկերների հետ քննարկել «Ցեղասպանություն» հասկացությունը, հասկանալ, թե ինչ է դա նշանակում նրանց համար, հասկանալ այս թեմայի շուրջ հարաբերությունն Իսրայելի հետ՝ հաշվի առնելով Իսրայել-Ադրբեջան դաշնակցությունը Իրանի դեմ և դրա հետևանքները: Բայց սա ինձ հետաքրքիր էր  նաև այն առումով, որ Հայաստանը գտնվում է աշխարհագրական բավականին առանձնահատուկ իրավիճակում, քանի որ տեղակայված է Կովկասում ու շատ մոտ է Միջին Արևելքին, առանձնահատուկ հարաբերություններ ունի Իրանի հետ և այլ տրամաբանությունների մեջ է Թուրքիայի, Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ»,-շեշտեց պրոֆեսոր Կեպելը: 

Վերջինս նաև խոստովանեց, որ Ֆրանսիայում, սովորաբար, ելույթ է ունենում տարեցների առջև, սակայն Հայաստանում նկատել է, որ դասախոսությանը ներկա են բավականին մեծ թվով երիտասարդներ: 

«Ինչպես տեսնում եմ, այստեղ շատ են նաև երիտասարդները: Այնպես որ, ավելի հաճախ կվերադառնամ Հայաստան, որպեսզի խոսեմ երիտասարդների հետ»,-ուրախությամբ ընդգծեց Ժիլ Կեպելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում