Քաղաքականություն

ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման հույս են հայտնել

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման հույս են հայտնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին, ով Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության օրակարգը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ ակտիվ երկխոսությունը և արդյունավետ փոխգործակցության հույս հայտնել: 

Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն և կառույցը շարունակելու է նպաստել խաղաղության օրակարգի առաջմղմանը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է այդ ուղղությամբ ներդրվող ջանքերը՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման նպատակով: 

Ըստ աղբյուրի՝ այս համատեքստում զրուցակիցները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման հույս են հայտնել: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագիրը ստորագրելու գործընթացում Հայաստանի դիրքորոշումներին՝ շեշտելով, որ խաղաղության օրակարգը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է: 

Իր հերթին, Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշել է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու մեծ հնարավորություններ կան և պետք է դրանք իրացնել: 

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում