Մշակույթ

Մշակութային համագործակցության նոր հեռանկարներ. ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ղազախստանի գործընկերոջը

3 րոպեի ընթերցում

Մշակութային համագործակցության նոր հեռանկարներ. ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ղազախստանի գործընկերոջը

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է  Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը տպավորված է նախորդ տարի Ղազախստանում անցկացված Հայաստանի մշակույթի օրերի ընթացքում ղազախ հանրության ջերմ ընդունելությամբ։

«Ուրախ ենք այսօր հյուրընկալելու ձեզ և անցկացնելու Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր: Վստահ եմ՝ այս ընթացքում կայացող միջոցառումները կդառնան ևս մեկ կարևոր քայլ՝ ամրապնդելու մեր երկրների միջև կրթական, մշակութային կապերը՝ բացելով համագործակցության նոր հեռանկարներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ աղբյուրի՝ Աիդա Բալաևան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ պաշտոնական այցը խորհրդանշում է հայ և ղազախ ժողովուրդների փոխադարձ սերն ու հարգանքը: Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարը նշել է, որ տպավորված է Հայաստանի հանրային ռադիոյում պահվող մշակութային արխիվով, մասնավորապես, երաժշտական ժառանգությամբ: 

«Մեր պետությունները լայն հնարավորություններ ունեն համագործակցելու, հատկապես, մշակույթի՝ գրադարանների, թանգարանների, երաժշտության, ֆիլմարտադրության ու գրականության ոլորտներում»,- ասել նա՝ ընդգծելով, որ հանդիպումը պատմական կարևորություն ունի երկու բարեկամական երկրների համար՝ նորովի արժևորելով համագործակցային կապերը: 

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների տարբեր կառույցների միջև համատեղ ծրագրերի իրականացման, արվեստի տարբեր ճյուղերում երկխոսության կայացման, երիտասարդների փոխճանաչելիության բարձրացման վերաբերյալ հարցեր: Երկուստեք կարևորվել է համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը, որը կամրապնդի Հայաստան-Ղազախստան մշակութային կապերը: 

Հանդիպման շրջանակում տեղի է ունեցել նաև Համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» գործակալության միջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում