Սպորտ

Արծաթե մեդալն առավելագույնը չէր, որ կարող էր լինել ԵԱ-ում. Էլմիրա Կարապետյանի հարցազրույցը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ, Տոկիոյի և Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Էլմիրա Կարապետյանը 2025 թվականը մեկնարկեց Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարապետյանը խոսեց տարվա առաջին խոշոր մրցաշարից` Եվրոպայի առաջնությունից, Փարիզ-2024-ի «դասերից» ու հրաձգություն մարզաձևի գեղեցկությունից: 

«Իրականում շատ լավ էի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Ու արծաթե մեդալն առավելագույնը չէր, որ կարող էր լինել Եվրոպայի առաջնությունում: Ուղղակի այդպես լինում է, օրը կամ քոնն է, կամ քոնը չէ: Թեպետ արծաթե մեդալն էլ լավ արդյունք  է»,-ասաց Կարապետյանը: 

Անդրադառնալով Եվրոպայի առաջնության եզրափակչին ու այդ մրցապայքարում իր բելառուս մրցակցին, Կարապետյանն ասաց. «Ընդհանրապես չէի ճանաչում նրան: Չեմ կարող ասել, թե ինչպիսի մրցակից է նա, բայց երկուսս էլ լավ էինք կրակում: Ընդհանուր արդյունքները բարձր էին: Պարզապես այս մրցաձևն առաջին անգամ էր անցկացվում: Եթե թիրախին կրակելիս` 9,8-ը հաշվում էին որպես դիպուկ կրակոց, ապա 9.7-ը դիպուկ չէին հաշվում»: 

«Արմենպրես»-ի այն հարցին, թե ի՞նչն է սովորաբար որոշիչ լինում եզրափակիչներում,  Կարապետյանը պատասխանեց. «Հրաձգության եզրափակիչները, սովորաբար, ամենաանկանխատեսելին են լինում: Մեզ մոտ երբեք չես կարող վստահ ասել, թե եզրափակչում ով կհաղթի»,- նշեց նա՝ մանրամասնելով, որ լինում են դեպքեր, երբ Օլիմպիական խաղերի չեմպիոնները և աշխարհի առաջնությունների ոսկե մեդալակիրները նույնիսկ եզրափակիչ չեն կարողանում դուրս գալ՝ մրցման վրա կենտրոնանալ չկարողանալու պատճառով։ 

Փարիզի Օլիմպիական խաղերում Էլմիրա Կարապետյանը Հայաստանի օլիմպիական թիմի միակ կին մասնակիցն էր։ Վերհիշելով Փարիզի Օլիմպիական խաղերն ու անդրադառնալով Լոս Անջելեսում 2028 թվականին կայանալիք 34-րդ ամառային Օլիմպիական խաղերին՝  Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրը շեշտեց, որ յուրաքանչյուր Օլիմպիական խաղերից հետո մարզիկներն ինչ-որ դատարկություն են զգում: 

«Այդ դատարկությունից հետո պետք է քո մեջ ուժ գտնես ու շարունակես, գտնես այն մոտիվացիան, որը քեզ հետ կբերի: Շատ ուրախ եմ, որ դեպի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղեր տանող ճանապարհը սկսել եմ այս մեդալով»,-առանձնացրեց նա:

Մանրամասները` տեսանյութում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում