Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես մերժել է հրադադարի վերաբերյալ Իսրայելի վերջին առաջարկը

2 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես մերժել է հրադադարի վերաբերյալ Իսրայելի վերջին առաջարկը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնապես մերժել է հրադադարի մասին Իսրայելի վերջին առաջարկը՝ հայտարարելով, որ պատրաստ է անհապաղ բանակցել այնպիսի համաձայնագրի շուրջ, որի արդյունքում ազատ կարձակվեն մնացած բոլոր պատանդները՝ պատերազմի ավարտի և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

«Մենք չենք ընդունի մասնակի գործարքներ, որոնք ծառայում են (խմբ.՝ Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուի քաղաքական օրակարգին», - տեսաուղերձում ասել է ՀԱՄԱՍ-ի գլխավոր բանակցող Խալիլ ալ Հայյան։

59 պատանդ դեռ մնում է ՀԱՄԱՍ-ի մոտ գերության մեջ, նրանցից 24-ը ողջ են համարվում: Իսրայելի վերջին առաջարկը ենթադրում էր 45-օրյա հրադադար՝ 10 պատանդի ազատ արձակման դիմաց:

Մարտի 18-ից իսրայելական ուժերն ուժեղացրել են օդային, ցամաքային և ծովային ռմբակոծությունները Գազայի հատվածում և ընդլայնել ցամաքային գործողությունները։

Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 51 065 պաղեստինցի է զոհվել 2023 թ. հոկտեմբերի 7-ից Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 116 505-ը, որոնց թվում 1691 զոհ և 4464 վիրավոր գրանցվել է մարտի 18-ին ռազմական գործողությունների սրացումից հետո:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում