Ադրբեջան

Կառավարությունն արել է ամեն ինչ, որպեսզի ԼՂ հայության իրավունքները և անվտանգությունը հասցեագրվեն. ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Կառավարությունն արել է ամեն ինչ, որպեսզի ԼՂ հայության իրավունքները և անվտանգությունը հասցեագրվեն. ԱԳ նախարար

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանեց, թե բանակցային գործընթացում ինչ դիրքորոշում է ունեցել Հայաստանի կառավարությունը ԼՂ հայության իրավունքների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ապրիլի 16-ին կայացած կառավարության հարցուպատասխանի ընթացքում նախարարը հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման գործընթացում՝ թե՛ ուղիղ խոսակցության հնարավորության ստեղծմամբ, թե՛ միջազգային երաշխիքների ձևավորման ճանապարհով։ 

Ըստ Միրզոյանի՝ այդ նպատակով փորձ է արվել կազմակերպել նաև Սոֆիայի հանդիպումը։ 

«Մենք վստահ էինք, որ այդ մեխանիզմի ստեղծման պարագայում, այդ երկխոսության հաստատման պարագայում հնարավոր էր լինելու որոշակի հարցեր լուծել»,-նշեց նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությունից և հատկապես իրենց ինքնալուծարման վերաբերյալ հռչակումից հետո այդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել մի պարզ պատճառով, որ այնտեղ հայություն չկա, որի իրավունքների մասին կարելի է խոսել։

Անդրադառնալով նրան, որ որոշ քաղաքական ուժեր մեղադրել են Հայաստանի կառավարությանը՝ թեման բանակցություններից հանելու մեջ, նախարարը նշեց, որ այս կառավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ, որպեսզի այդ մարդկանց իրավունքները և անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվի։ 

«Կրկնում եմ՝ այս կառավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ, որպեսզի այդ մարդկանց իրավունքները և անվտանգության հարցը որևէ կերպ հասցագրվի։ Եվ հիմա մեղադրել մեզ օրակարգից հանելու մեջ այն պայմաններում, երբ մենք այս հարցի մասին խոսում էինք և ասում էինք, որ նշաձողը իջեցնել է պետք և այդ դեպքում կարող ենք խոսակցություն ունենալ»,- ընդգծեց Միրզոյանը։

Միրզոյանը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները՝ այդ թվում ԱԺ ընդդիմության դրդմամբ, հրաժարվել են մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, որն իսկապես կարող էր ստեղծել երկխոսության հնարավորություն։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում