Վենսը քննադատել է Զելենսկիի մեղադրանքն այն մասին, թե ԱՄՆ-ն ՌԴ-ի կողմից է
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի խոսքերն այն մասին, թե Վաշինգտոնը փորձում է արդարացնել Մոսկվայի գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վենսն UnHerd պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ փորձում է հասկանալ երկու կողմերի ռազմավարական նպատակները։
Ապրիլի 14-ին Զելենսկին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Վենսն արդարացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները։
«Ինձ թվում է, որ փոխնախագահն ինչ-որ կերպ արդարացնում է Պուտինի գործողությունները: Ես փորձել եմ բացատրել՝ չի կարելի մեջտեղում ինչ-որ բան փնտրել: Կա ագրեսոր և կա զոհ», - նշել էր Զելենսկին:
Վենսն, անդրադառնալով Զելենսկիի այս դիտարկումներին, ասել է, որ 2022 թվականից ի վեր քննադատել է Ռուսաստանին, սակայն դրանից հետո լուծում գտնելու նպատակով փորձել է հասկանալ երկու կողմերի ռազմավարական նպատակները։
«Դա չի նշանակում, որ դուք բարոյապես աջակցում եք ռուսական գործին կամ աջակցում եք լայնածավալ ներխուժմանը, բայց պետք է փորձել հասկանալ, թե որոնք են նրանց ռազմավարական կարմիր գծերը, ինչպես որ պետք է փորձել հասկանալ, թե ուկրաինացիներն ինչ են փորձում ստանալ հակամարտությունից», - հարցազրույցից հատված է մեջբերում Reuters գործակալությունը։
«Կարծում եմ՝ Զելենսկիի կողմից անհեթեթ է (ԱՄՆ) կառավարությանը, որն այժմ աջակցում է նրա ողջ կառավարությանն ու ռազմական ջանքերին, ասել, թե մենք ինչ-որ կերպ ռուսների կողմից ենք», - ավելացրել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ նման հռետորաբանությունը «միանշանակ արդյունավետ չէ»: