Փոխնախարարն ընդգծեց ճանապարհային երթևեկության անվտանգության հարցով միջգերատեսչական համագործակցության կարևորությունը
2 րոպեի ընթերցում

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման համար անհրաժեշտ է միասնական մոտեցում, ինչի ուղղությամբ վերջին տարիներին զգալի առաջընթաց է արձանագրվել միջգերատեսչական համագործակցության մակարդակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում անցկացվող «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ արձագանքելով հարցադրմանը, թե ինչո՞ւ են ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու հարցում տարբեր գերատեսչություններ առանձին գործում։
«Մենք մեր ամենօրյա աշխատանքի և քաղաքականության մշակման գործընթացում առնչվում ու բախվում ենք նման խնդիրների։ Այդ հարցն արդեն իսկ գտնվում է մեր օրակարգում։ Վարչապետի որոշմամբ՝ ձևավորվել է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որն ուղղված է հենց համագործակցության խորացմանը և բարեփոխումների օրակարգի ձևավորմանը»,-նշեց Ղալեչյանը։
Նա նաև ընդգծեց, որ միջգերատեսչական համագործակցությունն արդեն թույլ է տվել կոնկրետ ուղղություններով իրականացնել համատեղ միջոցառումներ՝ մասնավորապես Ներքին գործերի նախարարության, ԿԳՄՍ նախարարության, Քաղաքաշինական կոմիտեի և մի շարք հասարակական կազմակերպությունների հետ։
Նրա խոսքով՝ այս քննարկումը ևս հնարավորություն կտա առավել արդիական և լավարկված առաջարկներով հանդես գալ, որոնք կնպաստեն համակարգային բարեփոխումների իրականացմանը։