Հայաստան

Պատգամավորը ճանապարհային երթևեկության անվտանգության կարևոր գործոն է համարում հանրային տրանսպորտի արդյունավետ համակարգը

3 րոպեի ընթերցում

Պատգամավորը ճանապարհային երթևեկության անվտանգության կարևոր գործոն է համարում հանրային տրանսպորտի արդյունավետ համակարգը

Հասարակական տրանսպորտի կանխատեսելիության, հարմարավետության և մատչելիության մակարդակից է մեծապես կախված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ընդհանուր մակարդակը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կայացած «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին հանրապետությունում տրանսպորտային միջոցների քանակը զգալիորեն աճել է՝ առանց բնակչության թվի համարժեք ավելացման։ 

«Հայաստանի բնակչությունը գրեթե չի ավելանում, կամ չնչին է ավելանում, բայց տրանսպորտային միջոցների քանակը վերջին մի քանի տարիների ընթացքում կրկնապատկվել է։ Ինչո՞ւ է ավելանում տրանսպորտային միջոցների քանակը Հայաստանի Հանրապետությունում, որովհետև չկա պատշաճ, կանխատեսելի, հարմարավետ հասարակական տրանսպորտ։ Այսինքն՝ մարդիկ առաջին բանը, որ տեղաշարժվելու համար մտածում են, թեկուզ էժանագին տրանսպորտային միջոց գնելն է, որպեսզի կարողանան անվտանգ և ժամանակին տեղից տեղ շարժվել։ Եվ ցանկացած մարդ, որն այսօր ուսանող է դառնում կամ 18 տարին լրանում է, առաջին բանը, որ մտածում է, թե ինչպես անի, որ տրանսպորտային միջոց ձեռք բերի, որպեսզի կարողանա ժամանակին տեղաշարժվել և իր տեղաշարժման խնդիրները լուծել»,- ընդգծեց Խաչատրյանը։

Խաչատրյանն ասաց, որ հասարակական տրանսպորտի բարեփոխումները պետք է ուղղված լինեն բոլորի սպասարկմանը ՝ անկախ սոցիալական կարգավիճակից։

«Մենք պետք է ունենանք այնպիսի հասարակական տրանսպորտ, որ անգամ ավտոտնակում երկու-երեք մեքենա ունենալու պարագայում մենք հիմնականում օգտվենք հասարակական տրանսպորտից։ Եվ ոչ թե հասարակական տրանսպորտը նախատեսված լինի որոշակի խավի համար և այն մարդկանց համար, որոնք տրանսպորտային միջոց չունեն կամ այն մարդկանց համար, որ հնարավորություն չունեն տաքսիներով կամ այլ միջոցներով երթևեկել, այլ՝ բոլորի։ 

Հասարակական տրանսպորտից պետք է օգտվեն և՛ պատգամավորները, և՛ նախարարները, և՛ յուրաքանչյուր քաղաքացի։ Այս առումով բարեփոխումները սկսվել են Երևանում, բայց բարեփոխումների արդյունքը պետք է լինի հետևյալը․ մարդը պետք է վստահ լինի, որ, օրինակ, ժամը 09։00-ին նստելով ավտոբուս՝ ժամը 9։40-ին կլինի նպատակակետում»,- հավելեց Խաչատրյանը։ 

Նրա խոսքով՝ եթե հանրապետությունում չլինի կանխատեսելի, հարմարավետ և անվտանգ հասարակական տրանսպորտ, ապա երթևեկության անվտանգության ցանկալի մակարդակին հասնելը պարզապես անհնար կլինի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում