ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգության ապահովման կոչով
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի 25 անդամներ երկկուսակցական նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին՝ կոչ անելով ապահովել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակումը և ուժեղացնել ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Նամակը նախաձեռնել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Բրեդ Շերմանը և Գաս Բիլիրակիսը։
Հայ դատի հանձնախումբը նշում է, որ այս նամակը նախաձեռնվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու հայտարարությունների ֆոնին, որից հետո գործընթացը կանգ է առել Ադրբեջանի կողմից նոր նախապայմաններ առաջ քաշելու պատճառով, որոնք են Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունները և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։
Իրենց նամակում կոնգրեսականներն ընդգծել են ԱՄՆ-ի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ կանխելու հետընթացը խաղաղության գործընթացում և ճնշում գործադրելու, որպեսզի Ադրբեջանն ազատ արձակի հայ գերիներին։ Նրանք շեշտել են, որ համաձայն են պետքարտուղար Ռուբիոյի հայտարարության հետ, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ժամանակն է, ինչպես նաև անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հայտարարության հետ, որ հարկավոր է վերջնականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և ազատ արձակել գերիներին ու միասին աշխատել՝ տարածաշրջանն ավելի անվտանգ ու բարգավաճող դարձնելու ուղղությամբ։