ՀՀ ՆԳ նախարարության և ՄԱԿ-ի կառույցների համագործակցությունն ամրապնդվում է․ Արմեն Ղազարյանն ընդունել է Մոնիկա Սանդրիին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը: Ընդգծվել է նոր կառուցված կացարանի շահագործման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա մինչև հարյուր մարդու ապահովել կացարանով՝ նպաստելով նրանց սոցիալական պայմանների բարելավմանը։ Կողմերը համակարծիք են եղել, որ փախստականների և ապաստան հայցողների խնդիրների լուծումը պահանջում է համակարգային մոտեցում՝ օրենսդրական բարեփոխումներ, համապատասխան գործիքակազմերի մշակում։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացման համատեքստում շեշտադրվել է կրթական հատուկ մոդուլների մշակման անհրաժեշտությունը, որոնք հիմնված կլինեն նախորդ տարիների փորձի վրա՝ մասնակիցներին հնարավորություն տալով զարգացնել գիտելիքներն ու հմտությունները։ Կարևորվել է նաև միգրացիայի և աղետների ռիսկի կառավարման համակարգի թվայնացման գործընթացը։
Կողմերը բարձր են գնահատել թվային գործիքների ներդրումը, ինչը ոլորտի պատասխանատուներին կօգնի ավելի արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին։
Անդրադարձ է կատարվել նաև տվյալների հավաքագրման ու վերլուծման թվային մեխանիզմներին։ Այս համատեքստում քննարկվել է միջազգային լավագույն փորձը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը: