Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն միլիարդավոր դոլար է ստացել Չինաստանի դեմ մաքսատուրքերի հաշվին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն միլիարդավոր դոլար է ստացել Չինաստանի դեմ մաքսատուրքերի հաշվին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ ղեկավարի պաշտոնում իր առաջին ժամկետում երկիրը «հարյուր միլիարդավոր դոլար» է ստացել Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի հաշվին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ապրիլի 2-ին Սպիտակ տան վարդերի պարտեզում մաքսատուրքեր սահմանելու մասին հայտարարելիս։ 

«Եթե նայեք Չինաստանին, ապա իմ նախագահության (առաջին) ժամկետի ընթացքում ես հարյուր միլիարդավոր դոլար եմ ստացել, - ասել է նա։ - Նրանք երբեք 10 ցենտ էլ չեն վճարել ոչ մի այլ նախագահի, այնուամենայնիվ նրանք հարյուրավոր միլիարդ են վճարել»: 

Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ 34 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանելու մասին։

Թրամփի առաջին նախագահական ժամկետում (2017-2021 թթ.) Վաշինգտոնի վարչակազմը չինական 370 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների համար սահմանել էր մաքսատուրքեր։ 2020 թվականի հունվարի 15-ին կողմերը Վաշինգտոնում համաձայնության են եկել  առևտրային համաձայնագրի առաջին փուլի շուրջ։ Չինաստանը համաձայնել էր համաձայնագրի գործողության առաջին և երկրորդ տարիներին ավելացնել ԱՄՆ-ի արտադրանքի գնումները համապատասխանաբար 76,7 միլիարդ դոլարով և 123,3 միլիարդ դոլարով:

ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության տվյալներով՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի ծավալը 2024 թվականի արդյունքներով տարեկան արտահայտությամբ աճել է 3,7%-ով՝ մինչև 688,28 մլրդ դոլար։ Չինաստանից ԱՄՆ արտահանումը նույն տարում աճել է 4,9%-ով՝ մինչև 524,66 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ից Չինաստան մատակարարումները նվազել են 0,1%-ով՝ մինչև 163,62 մլրդ դոլար։ Երկու երկրների միջև առևտրի ոլորտում նախկինի նման պահպանվում է զգալի անհավասարակշռությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում