Իրան

Թրամփը լրջորեն դիտարկում է Իրանի առաջարկն անուղղակի բանակցություններ վարելու մասին. Axios

2 րոպեի ընթերցում

Թրամփը լրջորեն դիտարկում է Իրանի առաջարկն անուղղակի բանակցություններ վարելու մասին. Axios

Վաշինգտոնը լրջորեն դիտարկում է միջուկային հարցի շուրջ անուղղակի բանակցություններ վարելու Իրանի առաջարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով աղբյուրներին։

«Սպիտակ տունը լրջորեն դիտարկում է միջուկային անուղղակի բանակցություններ վարելու Իրանի առաջարկը՝ միևնույն ժամանակ զգալիորեն ամրապնդելով ԱՄՆ-ի ուժերը Մերձավոր Արևելքում, եթե նախագահ Թրամփն ընտրի ռազմական հարվածները», - գրում է հարթակը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյայի, որոնց անունը չի նշվում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կնախընտրեր համաձայնագրի կնքումը, սակայն նախազգուշացրել է, որ համաձայնության չհասնելու դեպքում կռմբակոծի Իրանը։ 

Թրամփը նաև ստացել է Իրանի պաշտոնական պատասխանը երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին իր հղած նամակին։ Իրանը հայտնել է, որ չի մասնակցի ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցությունների, քանի դեռ ենթարկվում է ռազմական սպառնալիքների և ճնշման՝ նշելով, որ կարող է մասնակցել միայն անուղղակի բանակցությունների։ 

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը կարծում է, որ ուղղակի բանակցությունները հաջողության ավելի մեծ շանսեր ունեն, սակայն չի բացառում իրանցիների առաջարկած ձևաչափը և չի առարկում այն բանին, որ օմանցիները լինեն երկու երկրների միջնորդն այդ շփումներում։ 

Միևնույն ժամանակ Պենտագոնը Մերձավոր Արևելքում ամրապնդել է ուժերը՝ տարածաշրջան ուղարկելով ևս մեկ ավիակիր հարվածային խումբ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում