Հայաստան

ԱԺ-ում դռնփակ քննարկում է տեղի ունենում 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորածների հարցով

3 րոպեի ընթերցում

ԱԺ-ում դռնփակ քննարկում է տեղի ունենում 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորածների հարցով

Ազգային ժողովում մարտի 31-ին դռնփակ ձևաչափով հանդիպում է կազմակերպվել 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ծնողների, պատգամավորների և բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկումը, որն անցկացվում է ԱԺ նիստերի դահլիճում, ընթանում է լարված մթնոլորտում. դահլիճից պարբերաբար լսվում են բղավոցներ և լարված քննարկման ձայներ։ 

Հանդիպմանը ներկա են արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ինչպես նաև մի խումբ պատգամավորներ։ 

Քննարկումը սկսվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարճ ելույթով, որի ընթացքում նա տեղեկացրել է, որ հանդիպումը կանցկացվի ելույթների և հարցուպատասխանի ձևաչափով։ Առաջին զեկուցողը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է։ 

Նիստը փակելուց առաջ ԱԺ դահլիճից դուրս է եկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ նշելով, որ «ամեն բան կարգին է»։ Սակայն նրա հայտարարությունից կարճ ժամանակ անց դահլիճից դուրս են եկել անհետ կորածների հարազատները՝ ցանկանալով անձամբ խոսել Նազարյանի հետ։ 

Լրագրողների հետ զրույցում Նազարյանը պարզաբանել է, թե ինչու է ստեղծվել լարված իրավիճակ։

«Զուտ թյուրընկալում էր, ոչ մի արտառոց բան չի եղել։ Հանդիպմանը ներկա հերոսի հարազատը հարց ուղղեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, որին նա պատասխանեց։ Սակայն ես մի փոքր հարցը վերաձևակերպեցի և հարցրեցի, թե ի՞նչ եք մտածում, ի՞նչ պետք է արվի այն տղաների մարմինների հետ, որոնց ծնողները հրաժարվում են ընդունել, որ դա իրենց որդիների մարմիններն են։ Հարցրեցի, թե ի՞նչ անենք, երբ մարդիկ հոգեբանական տեսանկյունից չեն ուզում ընդունել իրականությունը։ Այդ ընթացքում մի քանի ծնողներ վրդովվեցին, թե ինչո՞ւ եմ նման բան ասում։ Ասացին՝ այդպիսի բան մի ասեք։ Որպեսզի իրավիճակը չլարվի, ես դուրս եկա»,- ասաց Նազարյանը։ 

Դահլիճից դուրս եկած անհետ կորածների հարազատներից մեկը լրագրողներին փոխանցել է իր հիասթափությունը՝ ասելով․ «Ինչ կա, ոնց գիտեք, այս 5 տարիներին, նույն վիճակն է։ Ասում են՝ անում ենք»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում