Գեղարքունիքում ամփոփվել են առողջապահության ոլորտի 2024-ի տարեկան և 2025-ի առաջին եռամսյակի արդյունքները
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում 2024 թվականին մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների ընդհանուր եկամուտները կազմել են 5 միլիարդ 206 միլիոն 253 հազար 978 ՀՀ դրամ, որը 2023 թվական տարեկան արդյունքների համեմատ աճել է 454 միլիոն 989 հազար 828 դրամով կամ 9,5 տոկոսով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, 2024 թվականին մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների պետպատվերով եկամուտները կազմել են 4 միլիարդ 328 միլիոն 630 հազար 134 դրամ, իսկ վճարովի ծառայություններից ստացված եկամուտները՝ 857 միլիոն 623 հազար 844 դրամ։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 20-ը մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների ընդհանուր եկամուտները կազմել են 1 միլիարդ 208 միլիոն 847 հազար 402 դրամ, որից պետպատվերը՝ 985 միլիոն 889 հազար 893 դրամ, իսկ վճարովի ծառայություններից ստացված եկամուտները՝ 223 միլիոն 287 հազար 509 դրամ։
Ակտիվ աշխատանքներ են տարվում նաև մարզի առողջապահական հիմնարկների շենքային պայմանների բարելավման մասով։ Ավարտվել է «Լճափի ԱԱՊԿ» ՊՈԱԿ նոր շենքի կառուցումը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և տարբեր միջազգային կազմակերպությունների համագործակցության արդյունքում տեղադրված արևային ֆոտովոլտային կայաները սկսել են գործարկվել «Ճամբարակի ԱԿ», «Սևանի ԲԿ», «Գավառի ԲԿ» և «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ներում՝ տարեկան տնտեսելով շուրջ 32 միլիոն դրամ։
2025 թվականի առաջին եռամսյակում մարզպետի աշխատակազմի «Այլ նպաստներ բյուջեից» տողով 4 միլիոն 520 հազար դրամ տրամադրվել է 174 սոցիալապես անապահով և կարիքավոր ընտանիքի:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում «Արարատ» մոր և մանկան առողջարանում վերականգնողական բուժում են ստացել առողջական խնդիրներ ունեցող 22 երեխա։