Իրավունք

Ծանր հանցագործությունների դեպքերում արձանագրվել են խնդիրներ քննության սկզբնական փուլում․ Դատախազություն

2 րոպեի ընթերցում

Ծանր հանցագործությունների դեպքերում արձանագրվել են խնդիրներ քննության սկզբնական փուլում․ Դատախազություն

Մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթների ստուգումների արդյունքում արձանագրվել են որոշ խնդիրներ և բացթողումներ՝ հատկապես նախաքննության սկզբնական փուլում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության մեջ։

Մասնավորապես, պարզվել է, որ դեպքի վայրի զննության ժամանակ հաճախ բավարար ուշադրություն չի դարձվում կարևոր ապացույցների հնարավոր առկայության վրա։ Օրինակ՝ անմիջապես չեն արձանագրվում տեսախցիկների առկայության վերաբերյալ տվյալներ, մատնահետքերից բացի՝ սովորաբար չեն կատարվում գործողություններ մարդու այլ կենսաբանական հետքեր հայտնաբերելու ուղղությամբ։ Լուսանկարահանումը կամ չի իրականացվում, կամ իրականացվում է առանց կրիմինալիստիկական պահանջների պահպանման։

Դատախազության հաղորդման մեջ նշվում է նաև, որ հաճախ դեպքի վայրում գտնվող ականատեսները ժամանակին չեն հրավիրվում հարցաքննության, ինչի հետևանքով հետագայում դժվարանում է նրանց հայտնաբերումը։ Առկա են դեպքեր, երբ տեսանկարահանող սարքերի առկայությունն արձանագրվում է միայն քննության ավելի ուշ փուլերում, երբ դատավարության մասնակիցները ներկայացնում են դրանցից ստացված տեսանյութեր։ Սակայն նախնական զննության ընթացքում տեսախցիկների մասին ոչինչ չի արձանագրվում, և տեսագրությունները ժամանակին չեն պահվում կամ ամբողջությամբ կորչում են։

Դատախազությունն արձանագրել է նաև, որ լինում են դեպքեր, երբ քննչական գործողության ընթացքում հայտնաբերվում են տեսանկարահանող սարքեր, սակայն դրանց տերերը հայտարարում են, թե դրանք չեն աշխատում, տեսագրություններ չեն պահպանվել կամ սարքերն աշխատել են միայն ուղիղ դիտարկման ռեժիմով։

Հաշվի առնելով նշվածը՝ գլխավոր դատախազությունը շեշտում է, որ անհրաժեշտ է ապահովել նախաքննության փուլում գործողությունների հետևողականություն, պլանավորվածություն և օրինականության նկատմամբ բարձր հսկողություն՝ նման իրավիճակները կանխելու և քրեական վարույթների արդյունավետությունն ապահովելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում