Աշխարհ

Դատարանը Մարին Լը Պենին մեղավոր է ճանաչել հափշտակության մեջ և արգելել պետական պաշտոն զբաղեցնել

2 րոպեի ընթերցում

Դատարանը Մարին Լը Պենին մեղավոր է ճանաչել հափշտակության մեջ և արգելել պետական պաշտոն զբաղեցնել

Ֆրանսիական դատարանը «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության նախկին ղեկավար Մարին Լը Պենին մեղավոր է ճանաչել հափշտակության գործով և անմիջապես նրան հինգ տարով արգելել է քաղաքականությամբ զբաղվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ France24 պարբերականը հաղորդում է, որ Լը Պենը հանկարծակի լքել է Փարիզի դատարանի դահլիճը, նախքան կլսեր, թե որքան ժամանակով են իրեն արգելում պետական պաշտոն զբաղեցնել։

Լը Պենը և նրա «Ազգային ճակատ» կուսակցության 24 այլ պաշտոնյաներ մեղադրվում էին Եվրամիության խորհրդարանական օգնականների համար նախատեսված գումարները 2004-ից 2016 թվականներին կուսակցության աշխատակիցներին վճարելու մեջ՝ խախտելով 27 անդամ երկրներից կազմված միության կանոնակարգերը: Լը Պենը և նրա համախոհները հերքում են իրենց մեղքը:

Լը Պենի համար ամենամեծ մտահոգությունն այն էր, որ դատարանը կարող է իրեն արգելել պաշտոն զբաղեցնել, ինչն անհնար կդարձնի նրա առաջադրումը 2027 թվականի նախագահական ընտրություններում։ Նման սցենարը նա նկարագրել էր որպես «քաղաքական մահ»:

«Կա 11 միլիոն մարդ, ովքեր քվեարկել են այն շարժման օգտին, որը ես ներկայացնում եմ: Այսպիսով, վաղը, հնարավոր է, միլիոնավոր ֆրանսիացիներ զրկվեն ընտրություններում իրենց թեկնածուից», - ասել էր Լը Պենը երեք դատավորներից կազմված հանձնաժողովին:

56-ամյա Լը Պենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ պայքարում էր 2017 և 2022 թվականների նախագահական ընտրություններում։ 

Ըստ France24-ի՝ քանի որ Մարին Լը Պենն այլևս չի կարողանա առաջադրվել 2027 թվականին, հնարավոր է, որ նրան փոխարինի Ջորդան Բարդելլան՝ նրա 29-ամյա պրոտեժեն, որը 2021 թվականին հաջորդել է Լը Պենին կուսակցության ղեկավարի պաշտոնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում