Բարձր տեխնոլոգիաներ

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Նորատուսի «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ

4 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Նորատուսի «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ մարտի 28-ին այցելել է Նորատուսի «Միջազգային ռադիոցանց» ՓԲ ընկերություն, որի բաժնետոմսերի 100 տոկոսը ՀՀ կառավարության փետրվարի 27-ի նիստի որոշմամբ փոխանցվել է ՀՀ կառավարությանը՝ բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, այցի շրջանակում նախարար Հայրապետյանը ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Թադևոսյանի ուղեկցությամբ ծանոթացել է ընկերության ենթակառուցվածքներին, տեխնիկական հնարավորություններին և աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում քննարկել նրանց աշխատանքի առանձնահատկությունները։ Նախարարն ընդգծել է ընկերության ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար՝ կարևորելով կառավարման արդյունավետության բարձրացումը, նորարարական մոտեցումների կիրառումը և ընկերության զարգացմանը միտված նոր ծրագրերի իրականացումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նորագույն տեխնոլոգիաներով կայանի վերազինմանը, տեխնիկական միջոցների արդիականացմանն ու միջազգային համագործակցության հնարավորություններին։ Քննարկվել են փորձի փոխանակման մեխանիզմների ներդրման ուղիները, ինչպես նաև վաճառքի ծավալների մեծացմանն ուղղված գործողությունները։ Նախարար Հայրապետյանը նշել է, որ «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ն ունի բոլոր հնարավորությունները հավելյալ արժեք ստեղծելու և իր գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ նպատակով անհրաժեշտ է մշակել ռազմավարական ծրագրեր, կիրառել ժամանակակից գործիքակազմ և ակտիվորեն ներգրավվել նոր շուկաներում։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ընկերության զարգացման առաջիկա ծրագրերի շուրջ՝ շեշտադրելով ոլորտի արդիականացման և մրցունակության բարձրացման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Նարեկ Ադամյանը և այլ պաշտոնատար անձինք։

Նշվում է, որ «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ն սեփականության իրավունքով իրեն պատկանող միջոցներով և ընկերության տեխնիկական անձնակազմի ջանքերով տրամադրում է ռադիոհեռարձակման կարճ և միջին երկարությունների ալիքի հեռահաղորդակցության ծառայություններ։ Ընկերության կողմից առաջարկվող հեռակապի հաղորդական ծառայությունների աշխարհագրական տարածքներն են՝ ՀՀ-ն և ամբողջ տարածաշրջանը, Հյուսիսային Կովկասը, ՌԴ հարավային շրջանները, Եվրոպան, Մերձավոր և Միջին Արևելքի երկրները, Փոքր Ասիան, Լատինական Ամերիկան, Աֆրիկան, Հնդկաստանը, Հարավարևելյան Ասիան, Չինաստանը, Կորեան։

«Ռադիո» ՓԲ ընկերությունը, որը 1965 թ. հիմնվել էր Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում, Խորհրդային Միության փլուզումից հետո ստացել էր հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում