Կրթություն

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի 4 ուսուցիչ Գերմանիայում փորձի փոխանակման հնարավորություն է ստացել

2 րոպեի ընթերցում

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի 4 ուսուցիչ Գերմանիայում փորձի փոխանակման հնարավորություն է ստացել

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում դասավանդող 4 ուսուցիչ հնարավորություն կունենա մեկնել Գերմանիայի Weihenstephan-Triesdorf համալսարան՝ մասնակցելու գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական վերապատրաստման ծրագրերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը։ 

Մարտի 27-ին և 28-ին  տեղի են ունեցել երկօրյա հարցազրույցներ 10 ուսուցիչների հետ, որոնցից ընտրվել են 4-ը։

Ծրագիրը հագեցած է. ներառում է փորձի փոխանակում, առարկայական ծրագրի ուսումնասիրում, նոր մեթոդների սերտում, մասնագիտական առաջավոր փորձի ներկայացում, մոդուլներ և այլն:

Ընտրված 4 ուսուցիչները «Հորիզոններ» ծրագրի ղեկավարի և Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի 3 դասախոսների հետ միասին հունիս ամսին կմեկնեն Գերմանիա: Ի դեպ, դասախոսները ծրագրի մեկնարկից ի վեր պարբերաբար վերապատրաստում են «Հորիզոններ»-ի Սիսիանի և Գորիսի ավագ դպրոցների ուսուցիչներին: 

«Միջազգային այցերը նախատեսված են գյուղատնտեսական կրթության ոլորտում նորարար մոտեցումներն ուսումնասիրելու, տեղայնացնելու և Հայաստանում կիրառելու նպատակով։ Հիմնադրամը վստահ է, որ ներդրումը ուսուցիչների մասնագիտական հմտությունների զարգացման մեջ ամենաուժեղ ազդակներից է՝ կրթական որակ ապահովելու ճանապարհին։ Հավատացած ենք, որ հենց իրենց օրինակն էլ կարող է խթան հանդիսանալ գյուղական համայնքներում նորարարական մոտեցումների ակտիվ ներդրմանը:

Երկօրյա հարցազրույցները վարող հանձնաժողովում ընդգրկված էին «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրենը, «Հորիզոններ» ծրագրի ղեկավարը, ծրագրի գործընկեր Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղից փորձագետներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում