Անկարայում բախում է տեղի ունեցել ցուցարար ուսանողների և ոստիկանության միջև
1 րոպեի ընթերցում

Անկարայում ոստիկանությունը արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ուսանող աջակիցներին ցրելու համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները։
Մարտի 27-ի առավոտյան ցուցարար ուսանողները փորձել են երթ անցկացնել և հավաքվել Մերձավոր Արևելքի տեխնոլոգիական համալսարանի դարպասների մոտ՝ հայտարարելու Իմամօղլուին աջակցելու մասին, սակայն նրանց դիմավորել են հատուկ տեխնիկայով համալրված ոստիկանական ուժերը։
Ուսանողներն աղբարկղերից բարիկադներ են կառուցել, բախում է տեղի ունեցել, ոստիկանները փորձել են բերման ենթարկել ցուցարարներին։
Թուրքիայում բողոքի ցույցերը սկսվել են մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։ Դատախազությունը հայտնել է, որ հայտնաբերել է Իմամօղլուի և մի քանի գործարարների հետ կապված անօրինական ֆինանսավորման դեպքեր։ Ավելի ուշ Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է։ Թուրքիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ամբողջ երկրում բողոքի ցույցերի սկզբից ի վեր բերման է ենթարկվել ավելի քան 1400 մարդ։