Սպորտ

ՈՒԵՖԱ-ի գործկոմի կազմում իմ առաջադրումն ինքնանպատակ չէ. Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ

3 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ի գործկոմի կազմում իմ առաջադրումն ինքնանպատակ չէ. Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ` ի պատասխան «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանի ֆեյսբուքյան գրառման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Երեկ՝ մարտի 26-ին, «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է իմ՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ դառնալուն խանգարելու իրենց մտադրությունների մասին:

Համարում եմ, որ Ջանջոյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն, քանզի մի բան է, երբ երկրպագուների մի խումբ պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը, մեկ այլ բան է, երբ հայտ է ներկայացվում խոչընդոտել եվրոպական կառույցի ղեկավար մարմնում ներկայացուցիչ ունենալու և Հայաստանը միջազգային հարթակներում պատվով ներկայացնելու փորձին: Սա առնվազն հակահայաստանյան քայլ է, որը վնաս է հասցնելու պետության հեղինակությանը և ակնհայտորեն ուղղված է հայկական ֆուտբոլի դեմ: Փաստորեն, նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը։  
Բացի դա, Ջանջոյանը, խեղաթյուրելով իրականությունը, նաև հնչեցնում է անձնական բնույթի վիրավորանքներ և կեղծ ու անհիմն մեղադրանքներ, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով:

Մեզ համար միանգամայն պարզ է, թե որտեղից է ուղղորդված այս հերթական «ինքնաբուխ» հայտարարությունը: Սա շարունակությունն է նմանատիպ այլ գործողությունների ու հայտարարությունների, որոնք իրականացվում են այլ հարթակներում նույն անձանց կողմից: Ցանկանում եմ այս պահին հիշեցնել այդ մարդկանց, որ իրենց նախորդ բոլոր փորձերը ուղղակի ձախողվել են:

Մենք չենք թույլ տալու նման հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց խոչընդոտել մի գործընթացի, որից միայն շահելու է հայկական ֆուտբոլը և անելու ենք ամեն հնարավորը ֆուտբոլը նման մարդկանցից ազատելու համար:

ՈՒԵՖԱ-ի գործկոմի կազմում իմ առաջադրումն ինքնանպատակ չէ, այլ վերջին տարիներին ՈՒԵՖԱ-ում իմ և ՀՖՖ ներկայացուցիչների գործունեության տրամաբանական շարունակությունն է։ Նախընտրական արշավի ընթացքում ես ՈՒԵՖԱ-ի անդամ ֆեդերացիաներին ներկայացրել եմ եվրոպական ֆուտբոլի զարգացման իմ տեսլականը, այն է՝ պահպանել և զարգացնել եվրոպական սպորտի մոդելը ֆուտբոլում և դա կարևոր եմ համարում հատկապես միջին և փոքր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում