Մշակույթ

Գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանն իր տարեդարձը տոնեց «Բնության փոխակերպում» վառ ցուցահանդեսով

6 րոպեի ընթերցում

Գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանն իր տարեդարձը տոնեց «Բնության փոխակերպում» վառ ցուցահանդեսով

Գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում, սակայն այժմ նրա սրտին հարազատ է աբստրակցիոնիզմը։ Նկարիչն իր «Բնության փոխակերպում» խորագրով ցուցահանդեսում մեկտեղել է աշխատանքներ, որոնք վառ են, լուսավոր են, ներկայացնում են Հայաստան աշխարհն իր լեռներով, սարերով ու ձորերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Սաֆարյանի ծննդյան օրը՝ մարտի 26-ին, Հայաստանի նկարիչների միությունում։

Սաֆարյանների և Իսաբեկյանների ընտանիքները վաղեմի բարեկամներ են, մտերիմներ։ Հայաստանի ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը հիշեցրեց, որ Սուրեն Սաֆարյանն արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սաֆարյանի որդին է, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի թոռն է, Հայաստանի վաստակավոր նկարիչ Սարգիս Սաֆարյանի ծոռն է։ Նա ընդգծեց՝ Սաֆարյանների ընտանիքը մեծ ներդրում ունի արվեստի բնագավառում, որն անուրանալի է։ 

Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի համոզմամբ՝ արվեստը կյանք է, իսկ կյանքը՝ պատմություն։ «Քսան տարի առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց կինոյի, թատրոնի պաստառներին նվիրված ցուցահանդես,  և ես առաջին անգամ ծանոթացա Սարգիս Սաֆարյանի աշխատանքներին։ Զարմացա, թե ինչ վարպետությամբ են արված պաստառները։ Հայ կերպարվեստում կա Սաֆարյանների ընտանիքը, որի վառ ներկայացուցիչն է Սուրեն Սաֆարյանը։ Պատահական չէ, որ նա հրաշալի նկարիչ է, հրաշալի մարդ և պահպանում է  ընտանեկան ավանդույթները։ Դա գալիս է դաստիարակությունից, բարությունից, մարդկայնությունից»,- շեշտեց Միրզոյանը։

Նա ցուցահանդեսը հոգու ճիչ համարեց։ «Սուրենին ճանաչում եմ, երբ դեռ ուսանող էր, գիտեմ, թե ինչ մաներայով էր աշխատում. նա ակադեմիական մոտեցում ուներ դեպի արվեստը, նկարչությունը։ Տասը տարի առաջ բոլորովին այլ նկարչի բացահայտեցի»,- ասաց Միրզոյանը՝ ինքնատիպ համարելով Սաֆարյանի ձեռագիրը։

Համադրող Աննա Գալստյանի խոսքով՝ ցուցահանդեսն ազդարարում է Սուրեն Սաֆարյանի ստեղծագործական նոր փուլը, որը սկսվել է 2023 թվականին, և շարունակվում է բնության պատկերագրությունը, բայց՝ աբստրակտ ոճում։ «Նա սկսել է ռեալիզմից, անցել է տարբեր գեղարվեստական ոճերի ու եկել դեպի աբստրակցիա։ Դա չի նշանակում, որ այս ոճում կավարտվի ամեն բան։ Այս ծանր տարիների ընթացքում Սաֆարյանի արվեստը բխեց վառ գույների ու ներդաշնակ պատկերագրության մեջ, ինչը ոչ թե ցավի, տառապանքի ճիչ է, այլ՝ ներդաշնակության ու սիրո։ Ցուցահանդեսը կոչվում է «Բնության փոխակերպում»՝ շեշտելու համար, որ բնությունն անընդհատ հոսում է, փոփոխվում ու ադապտացվում է։ Ցուցադրության հիմնական ուղերձներից մեկն այն է, որ մարդը հնարավորինս ադապտացվի բնությանն ու փոխակերպումներին։ Բնության թելադրանքով է հնարավոր հասնել ներդաշնակության»,- հավաստիացրեց համադրողը։

Սուրեն Սաֆարյանը, որը համակ ուշադրությամբ լսում էր հյուրերին,  շնորհակալություն հայտնեց բոլոր շնորհավորանքների համար։ 

Սաֆարյանի վերջին ցուցահանդեսը կազմակերպվել  է 2018 թվականին։ Նկարիչների միության նախագահի պարտականությունները ստանձնելուց հետո  դադարել է նկարել, սակայն վերսկսել է աշխատանքը, քանի որ, ինչպես ինքն է ասում, օդ չկար շնչելու։ «Իմ մտքում իմ արվեստանոցն էր, իմ կտավներն էին, ստեղծագործելն էր։ Նախորդ տարվանից եղավ այդ պոռթկումը, և ծնվեց բնության փոխակերպումը։ Կարճ ժամանակում են ծնվել ստեղծագործությունները, ինչը նշանակում է՝շատ բանից զերծ մնալ։ Այդ ամբողջ դժվարությունն իր ուսերին վերցրեց իմ կինը՝ Լիանա Խաչատրյանը, որպեսզի ես ստեղծագործեմ»,- նշեց Սուրեն Սաֆարյանը՝ սեր խոստովանելով կնոջը։

«Սկսելով որպես ռեալիստ, դեկորատիվիստական և ֆովիստական հարումներով, միտվելով հիպերռեալիզմին՝ Սուրեն Սաֆարյանը հանգրվանում է լիրիկական աբստրակցիոնիզմի օրրանում՝ պահպանելով իր ուժեղ կապը բնության և դեկորատիվիզմի հետ։ 

Թեև աբստրակտը հենց միտված է ոչ մի կապ չունենալու արտաքին աշխարհի ձևերի հետ, այնուամենայնիվ, նրա աբստրակտ աշխատանքներում բնությունը իշխում է։ Լինեն դրանք մեծամասշտաբ կտավներ, թե մանրանկարչական ֆորմատի աշխատանքներ՝ դրանք լակոնիկ «հերբարիումներ» են, այսինքն՝ ազդարարում են բնության ռեգեներացնող, վերածնող, բուժիչ հատկությունը մարդու համար, բայց եթե իրական հերբարիումներում բնությունը չորացված տերևի կամ բույսի ձևով է ներկայացված, ապա Սաֆարյանի մոտ դրանք կենսապաշտ են, ավյունով լի։
Ըստ նկարչի՝ ամենադժվար ոճը, որին նա հասել է, աբստրակտ արվեստն է, որը զուտ ներկերը և ձևերը տեղադրելու հմտությունը չէ։ Դա ճանապարհ է, անկումներով ու հաղթանակներով լի, ապրելու ճանապարհ...»,-ասվում է ցուցադրության հաղորդագրության մեջ։

Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում