Բարձր տեխնոլոգիաներ

ՊԵԿ նախագահը ներկա է գտնվել «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովին

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահը ներկա է գտնվել «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկա է գտնվել Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվող «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, աշխատաժողովի նպատակն է համախմբել պետական կառույցների ջանքերը թվային կառավարման օրակարգի շուրջ։ 

Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Կենտրոնական բանկի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ՝ կարևորելով թվայնացման օրակարգի առաջնահերթությունը երկրի զարգացման համար։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են թվային նույնականացման համակարգերի տեխնոլոգիական, քաղաքական, իրավական և կառավարման մոդելները, քննարկվել են փոխգործելիության ու տվյալների կառավարման ժամանակակից մոտեցումները՝ անդրադառնալով Էստոնիայի թվայնացման պատմությանը:

Միաժամանակ, քննարկվել են արհեստական բանականության գործիքակազմերը և ամպային տեխնոլոգիաներն ու դրանց կիրառումը՝ ընդգծելով վերջիններիս ազդեցությունը թվային կառավարման գործընթացում։ Անդրադարձ է եղել նաև թվային կառավարման բաղադրիչներին, մասնավորապես դրանց համադրմանը, թվայնացման բոլոր շահառուների պարտականություններին՝ շեշտադրելով քաղաքացիակենտրոն ծառայությունների ստեղծումն ու մատուցումը։

ՊԵԿ նախագահը կարևորել է թվային փոխակերպումները հարկային և մաքսային ոլորտներում՝ ընդգծելով, որ ՊԵԿ համակարգերի թվայնացումը Կոմիտեի առաջնահերթություններից է։

Աշխատաժողովի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն են դարձվել թվային վերափոխմամբ պայմանավորված աշխատանքային մշակույթի փոփոխություններին, թվային ծառայությունների կառավարման առանձնահատկություններին, ինչպես նաև կարևորվել է տվյալների պաշտպանության կիբեռանվտանգությունը, որպես յուրաքանչյուր կառույցի կարևորագույն բաղադրիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում