Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին Անկախության օրվա առթիվ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հունաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին` մաղթելով Ձեր երկրին խաղաղություն և բարգավաճում:

Հունաստանը ոչ միայն բացառիկ դեր ունի՝ որպես ժողովրդավարության բնօրրան, այլև այսօր էլ հաջողությամբ հանդիսանում է խորհրդարանական ժողովրդավարության վառ օրինակ։ Բարձր ենք գնահատում Հունաստանի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխում­ների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը։

Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամությունը հիմնված է երկու եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։

Համոզված եմ, որ առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի՝ այն բարձրացնելով ռազմավարական մակարդակի՝ ի շահ և ի բարօրություն երկու ժողովուրդների:

Մոտ ապագայում հանդիպման ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում