Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 24-ին մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։
Քննության ընթացքին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ողջունել է մասնակիցներին և կարևորել բարձրագույն ու ավագ սպայակազմերի ներգրավվածությունն այս գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալները և ավագ սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին։
Առաջիկա օրերին սպաները քննություններ կհանձնեն նաև կրակային, շարային ու մասնագիտական պատրաստություն առարկաներից։