Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը. երկու անձ ձերբակալվել է
2 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից ՝ նշելով, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված:
Ըստ վարչության՝ պարզվել է, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել է 47-ամյա մի տղամարդ։
Հետագա միջոցառումներով նա հայտնաբերվել է մայրաքաղաքի Պարոնյան փողոցում, ձերբակալվել և իր «Կիա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել Կենտրոնական բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ, որոնք, ըստ տղամարդու, մեթամֆետամին և մարիխուանա են:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 47-ամյա տղամարդու բնակարանում։ Հայտնաբերվել են 4,64 գրամ մեթամֆետամինի և 12,26 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ:
Քրեական վարույթը շարունակվում է։