Տնտեսություն

Գյուղատնտեսության ոլորտում նորարար տեխնոլոգիաների ներդրմանը նպաստող մի շարք ծրագրեր են իրականացվում

4 րոպեի ընթերցում

Գյուղատնտեսության ոլորտում նորարար տեխնոլոգիաների ներդրմանը նպաստող մի շարք ծրագրեր են իրականացվում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվում են պետական աջակցության մեկ տասնյակից ավելի ծրագրեր, որոնք նպաստում են նաև ոլորտում նորարար տեխնոլոգիաների ներդրմանը և գյուղատնտեսության ինտենսիվացմանը: 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից։ 

Ագրոպարենային ոլորտի տնտեսավարողների տեխնոլոգիական վերազինման և նորագույն, ժամանակակից սարքավորումների ու տեխնոլոգիաների հագեցվածության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվում է ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի համապատասխան որոշմամբ հաստատված ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը։

Ծրագրի մեկնարկից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը հաստատվել է ընդհանուր առմամբ 1206 հայտ՝ 47,4 մլրդ դրամի չափով, ձեռք է բերվել 3174 միավոր սարքավորում:

Մասնավորապես, անցած տարվա պլանավորված 40 շահառուի փոխարեն ծրագրից փաստացի օգտվել է 113-ը։ Նրանց կողմից ներգրավված 5 մլրդ դրամի լիզինգի շրջանակներում ձեռք է բերվել 429 միավոր սարքավորում՝ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի համապատասխան որոշմամբ՝ 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով սահմանված 250 միավորի դիմաց: 

Անդրադառնալով անասնաբուծության ոլորտում նորարարական մոտեցումներին՝ գերատեսչությունից նշել են, որ այն առայժմ վարվում է ավանդական մեթոդներով, և դեռևս ցածր են կենդանիների մթերատվության ցուցանիշները: 

«Մինչդեռ արդիական մոտեցումները միտված են կենդանիների բարձր մթերատվությանը նպաստող, հարմարավետ «խելացի» անասնաշենքերի շահագործմանը (2019-2024 թվականներին՝  առ 2024-ի դեկտեմբերի 31-ը, կառուցվել և տեխնոլոգիապես ապահովվել են մի շարք անանասնաշենքեր), որոնցում մեքենայացված են արտադրական գործընթացները (ջրամատակարարում, օդափոխություն, լուսավորություն, մեքենայական կիթ և այլն): 

Անասնաշենքերում կբուծվեն պետական աջակցությամբ ներկրված բարձր մթերատու ցեղերի տոհմային կենդանիներ: Բարեփոխմանն ուղղված միջոցառումները թույլ կտան առաջիկա 5 տարիների ընթացքում շահագործել արտադրական գործընթացներով գործող 100-ից ավելի «խելացի» անասնաշենքեր, որոնցում կխնամվեն շուրջ 3500 գլուխ բարձրակիթ կովեր: Տավարի նախիրների 11%-ը, իսկ ոչխարի հոտերի 15%-ից ավելին կկազմեն բարձր մթերատվությամբ աչքի ընկնող ցեղերի բարձրարժեք կենդանիները»,-մանրամասնել են Էկոնոմիկայի նախարարությունից։ 

Ներկայացնելով տեղական նախրի մթերատվության հատկանիշների բարձրացման ծրագրերի վերաբերյալ հարցին՝ գերատեսչությունից մանրամասնել են, որ տավարի տեղական նախիրների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման նպատակով ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի համապատասխան որոշմամբ հաստատվել է «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը»։ 

Դրա նպատակն է որոշ մարզերում 2025-2026 թվականներին կովերի արհեստական սերմնավորման միջոցով բարելավել տեղական տավարի մթերատու և տոհմային հատկանիշները՝ սուբսիդավորելով սերմնավորման ծախսերի շուրջ 70%-ը: 

Արդյունքում ակնկալվում է, որ տեղական կովկասյան գորշ ցեղի կովերի կաթնատվությունը նշված մարզերում կավելանա 1100 կիլոգրամով՝ կազմելով 3600 կգ, որի շնորհիվ տարեկան հավելյալ կարտադրվի շուրջ 31 հազար տոննա կաթ։ Բտվող տավարի կենդանի զանգվածը 30 կգ-ով ավելացնելու շնորհիվ էլ ակնկալվում է, որ տարեկան լրացուցիչ կարտադրվի 1000 տոննա միս։

Ընդհանուր առմամբ՝  ծրագրի իրականացման շնորհիվ նախատեսվում է, որ հանրապետությունում լրացուցիչ կարտադրվի 8.2 մլրդ դրամ արժեքով բարձրորակ կաթ և միս: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում