Գավառի համայնքապետարանը կապիտալ և ընթացիկ դրամաշնորհ է հատկացրել Սարուխան գյուղի մշակույթի տանը
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանը կապիտալ և ընթացիկ դրամաշնորհ է հատկացրել Սարուխան գյուղի մշակույթի տանը՝ արտադպրոցական խմբակների գործունեությունն ապահովելու նպատակով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, 2024 թվականից իր գործունեությունն է սկսել Սարուխանի մշակույթի տունը՝ կիրառական արվեստի, նկարչության և կավագործության խմբակներով։ Գավառի համայնքապետարանը 2024 թվականի բյուջեից 1 միլիոն կապիտալ դրամաշնորհ է հատկացրել՝ հաստատության աշխատանքները լիարժեք կազմակերպելու համար։ Կապիտալ դրամաշնորհով ձեռք է բերել համակարգիչ, տպիչ, տեսանկարահանող սարք, աշխատանքային սեղան, տնօրենի սեղան, աթոռ, պահարան և փոշեկուլ։ Իսկ համայնքապետարանի կողմից տրամադրված 565 հազար դրամ ընթացիկ դրամաշնորհի շրջանակներում կավագործության խմբակի համար ձեռք է բերվել կավի թրծման վառարան։ Սարուխանի մշակույթի տան համար պահանջվող այլ անհրաժեշտ միջոցներ համայնքապետարանը կտրամադրի 2025 թվականի դրամաշնորհներով։