Սուրեն Պապիկյանը չի հաստատում հայ-ադրբեջանական սահմանին զորքերի տեղաշարժերի կամ կուտակումների մասին տեղեկությունները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը չի հաստատում հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում Ադրբեջանի կողմից զորքերի կուտակումների կամ տեղաշարժերի մասին տեղեկությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այս պահին գետնի վրա նման երևույթ (խմբ․ հայ-ադրբեջանական սահմանին զորքերի տեղաշարժեր) տեսանելի չէ։ Մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունն այն մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հաստատում»,-ասաց Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ հայկական դիրքերի, ՀՀ ԶՈՒ անձնակազմի վրա ուղղված բոլոր վտանգավոր կրակոցների, խախտումների վերաբերյալ պաշտպանության նախարարության կողմից մշտապես տրվել են հաղորդագրություններ և բացատրություններ։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտիներում կրակոցների վերաբերյալ տարբեր անձանց կողմից տարածվող կամ տարածված հաղորդագրություններին՝ Սուրեն Պապիկյանի մատնանշեց, որ պաշտպանության նախարարությունն այդ մասին արդեն իսկ հաղորդագրություն է տարածել։