Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցադրությունը նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ամենաշատ այցելուներն է ունեցել
5 րոպեի ընթերցում

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը, որի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում շուրջ վեց ամիս ցուցադրվում են Անահիտ աստվածուհու Մեծ Բրիտանիայից բերված բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը, նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ունեցել է ամենաշատ այցելուները։ Ավելի քան 43 հազար մարդ է դիտել այդ բացառիկ ցուցադրությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ցուցահանդեսին նվիրված միջոցառմանը հայտնեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին։
Երեկոյին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծեց ցուցադրությունը վերարժևորելու կարևորությունն ու այն համարեց 2024, ինչպես նաև 2025 թվականների ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը։
«Ունեցել ենք շուրջ 45 հազար այցելու, ինչն աննախադեպ թիվ է մեր թանգարանների ցուցադրությունների համար։ Այս ցուցահանդեսը, բացի բուն մշակութային կյանքը հետաքրքրացնելուց, նաև այլ կարևոր նշանակություն ունի, խոսքը պետական-մասնավոր համագործակցության մասին է։ Ծրագիրն իրականացվել է «Կերոն» հիմնադրամի աջակցությամբ, որը ոչ միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, այլև՝ գաղափարական»,-ասաց նա և հավելեց՝ կարևոր են նաև ցուցադրության միջազգային ու բիզնես բնույթը։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերի համար մեծագույն հաճույք է ցուցահանդեսների մասնակցելը, հատկապես մի ցուցադրության, որի կայացման գործում դեսպանությունը դերակատարություն է ունեցել։
«Այս ցուցահանդեսը բավականին մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում և Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի համագործակցության, երկու երկրների հարաբերությունների զարգացման վկայությունն է»,-շեշտեց նա։
«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արաքցյանը ցուցադրությունը պատմական համարեց թե՛ բովանդակությամբ, թե՛ գրանցած հաջողություններով։ Մեկ շաբաթ անց հիմնադրամը նշում է գործունեության մեկամյակը։ Մեկ տարում կարողացել են նշանակալի նախագծեր իրականացնել, իսկ Անահիտի ցուցադրության կազմակերպումը ձեռքբերում են համարում։
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությանը նվիրված երեկոյի հյուրերին անակնկալ էր սպասվում։ Ներկաները ոչ միայն հնարավորություն ունեցան ևս մեկ անգամ դիտել ցուցադրությունը, այլև մասնակցել AZAT MARD ապրանքանիշի՝ Անահիտին նվիրված բացառիկ հավաքածուի ցուցադրությանը։
Բրենդի հիմնադիր Գարեն Չոբանյանը տեղեկացրեց, որ հիմնականում արտադրում է հագուստ՝ ոգեշնչված հայկական մշակույթից, որը փորձում է ներկայացնել աշխարհին։ Նա հայտնեց՝ Անահիտ աստվածուհուն նվիրված շապիկների վաճառքից ստացված հասույթի 25 տոկոսը կտրամադրվի Երևանի Աբովյան 3 հասցեի պատմամշակութային շենքի վերակառուցմանը, ինչը միտված կլինի հայկական մշակույթի վերակենդանացմանը։
Հայկական դիցարանի պտղաբերության և սիրո աստվածուհի Անահիտի հնագույն բրոնզե արձանի բնօրինակ հատվածները, որոնք ավելի քան մեկ դար ցուցադրվում են Բրիտանական թանգարանում, Հայաստանի պատմության թանգարան բերվեցին նախորդ տարվա սեպտեմբերին։ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության պաշտոնական մեկնարկն ազդարարվեց Հայաստանի անկախության հռչակման 33-րդ տարեդարձի օրը։
Պատմական Հայաստանի տարածքում գտնված և Անահիտ դիցուհուն վերագրվող բրոնզե արձանի հատվածները՝ բրոնզաձույլ գլուխը և ձեռքը, ցուցադրության գլխավոր նմուշներն են, սակայն ցուցահանդեսի շրջանակում այցելուները կարող են ծանոթանալ նաև Հայաստանի պատմության թանգարանում պահվող մեկ տասնյակից ավելի ուշագրավ և հետաքրքիր առարկաների, որոնք նույնպես կրում են մայրության խորհուրդը: «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի երկարատև համագործակցության արդյունքում։
Ցուցադրությունը բաց կլինի մինչև ապրիլի 10-ը։