Քաղաքականություն

Ռասմուսենի կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է ձգձգել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը

4 րոպեի ընթերցում

Ռասմուսենի կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է ձգձգել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կարծիքով՝  Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը բխում է Ադրբեջանի շահերից, այդուհանդերձ, այն փաստը, որ Ադրբեջանն այժմ բարձրացրել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը, խոսում է այն մասին, որ  Բաքուն կփորձի ձգձգել խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Rasmussen Global» քաղաքական խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր և նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այս մասին հայտարարել է Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականության մասին հարցին։

Նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը կփորձի ձգձգել կամ հետաձգել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

«Իմ կարծիքով՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը բխում է Ադրբեջանի շահերից։ Չեմ պատրաստվում ենթադրություններ անել, թե դա երբ կլինի, բայց այն փաստը, որ Ադրբեջանն այժմ բարձրացրել է մի հարց, որը բանակցությունների ընթացքում քննարկման առարկա չի եղել, խոսում է այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը կփորձի հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- նշել է Ռասմուսենը՝ հավելելով, որ խոսքը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու շուրջ Ադրբեջանի պահանջի մասին է։ 

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի դիտարկմամբ՝ Սահմանադրությունը փոխելը շատ բարդ գործընթաց է լինելու՝ նույնիսկ նման բան անելու ցանկության դեպքում։  

«Եթե ​​անգամ մեծ ցանկություն կա նման քայլի գնալու, այն իրականացնելու համար շատ ժամանակ կպահանջվի։ Եվ ես չեմ հասկանում, թե ինչու է այդ հարցը հանկարծ բարձրաձայնվել»,- շեշտել է Ռասմուսենը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիք վերադառնալու հնարավորության մասին հարցին՝ Ռասմուսենն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը ռազմական հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի դեմ։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր է՝ շարունակում է կեղծ լուրեր տարածել, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում