Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության նպատակով զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է
2 րոպեի ընթերցում

Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը:
«ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ:
Դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը (ներկայացուցչի դեպքում ներկայացվում է նաև լիազորագիր) պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարության փաստաթղթերի վարման բաժին կամ էլեկտրոնային տարբերակով՝ secretariat@escs.am էլփոստի հասցեով»,- նշված է հայտարարության մեջ:
Տարկետում տրամադրելու գործընթացի վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է հնարավորության դեպքում դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնել թվայնացված էլեկտրոնային տարբերակով: