Երևանի Խորենացու փողոցում ավտոտեխսպասարկման կետ և ներսում գտնվող ավտոմեքենա է այրվել, երկու տուժած հոսպիտալացվել է
1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 21-ին, ժամը 14։55-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցում այրվում է ավտոմեքենա։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման կետում (մոտ 130 քմ)։
Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատների ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։25-ին, մարվել՝ 15։33-ին։ Այրվել են ավտոտեխսպասարկման կետը և ներսում գտնվող ավտոմեքենան։
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։