Հայաստանի բանկերի միությունը տվել է «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
3 րոպեի ընթերցում

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) կողմից մարտի 21-ին իրականացվել է «Բանկային գործ» որակավորման ծրագրին նվիրված մեկնարկային միջոցառումը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲՄ-ից, ծրագրի նպատակն է կրթել բոլոր այն անձանց, ովքեր ցանկություն ունեն վերաորակավորվելու և աշխատելու ֆինանսաբանկային ոլորտում։ Ուսումնառության ավարտին ծրագրի մասնակիցներին տրամադրվում է EBTN-ի (European Banking & Financial Services Training Association) կողմից հավատարմագրված որակավորման հավաստագիր։
ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանի փոխանցմամբ՝ Բանկերի միությունը, իր հիմնական գործունեությանը զուգահեռ, ստանձնել է կարևորագույն գործառույթ, այն է՝ ֆինանսական համակարգի անձնակազմի համար կազմակերպել և իրականացնել ոլորտին վերաբերող վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև որակավորման ծրագրեր։
«Հայաստանի բանկերի միությունը օրեր առաջ ստացավ Եվրոպական բանկային և ֆինանսական ծառայությունների ուսումնական ասոցիացիայի (EBTN-European Banking and Financial Services Training Association) հավատարմագրումը՝ «Բանկային գործ» ուսումնական որակավորման ծրագիր իրականացնելու համար։ Փաստացի, սա այն երաշխիքն է, որով ծրագրի շրջանակներում ստացված գիտելիքներն ու հմտությունները համապատասխանեցվում են եվրոպական լավագույն մասնագիտական ստանդարտներին և բանկային ոլորտի պահանջներին»,- նշել է Դանիել Ազատյանը՝ հավելելով, որ ծրագիրը մասնակիցներին ներկայացվելու է հայերեն՝ հատուկ մշակված մատչելի ուսումնական նյութերի միջոցով:
Ըստ աղբյուրի՝ Եվրոպական բանկային և ֆինանսական ծառայությունների ուսուցման ասոցիացիայի (EBTN) տնօրենների խորհրդի փոխնախագահ Սոֆիա Զիակուի գնահատմամբ՝ ուսումնական ծրագիրը կազմվել է՝ հաշվի առնելով Հայաստանի ֆինանսական շուկայի առանձնահատկությունները, ինչն այն դարձնում է առավել գործնական և կիրառելի տեղի մասնագետների համար։
«Մեր նպատակն է բանկային գործի մասնագետներին տալ ոչ միայն գիտելիք, այլև հմտություններ։ Ստանալով այս արտոնագրումը` մասնակիցները եվրոպական երկրներում նույնպես կկարողանան մատուցել ֆինանսական ծառայություններ»,- նշել է EBTN-ի փոխնախագահ Սոֆիա Զիակուն։
Միջոցառման ընթացքում ՀԲՄ նախագահի տեղակալ Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է «Բանկային գործ» որակավորման ծրագրի կառուցվածքը, ուսուցման մոտեցումները ու հնարավորությունները։
«Բանկային գործ» որակավորման ծրագրի մեկնարկը նախատեսվում է ապրիլի 14-ին։ Մասնակցության համար կարելի է գրանցվել հղմամբ։