Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնն ընդլայնում է իր աշխարհագրությունը
6 րոպեի ընթերցում

Փետրվարին Լվովյան 2 հասցեում գործարկվեց «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն» առողջության առաջնային պահպանման օղակի պոլիկլինիկայի նոր մասնաճյուղը (առաջին մասնաճյուղը բացվել էր 2024թ․ մայիսին, Պուշկին 56 հասցեում)։
Նոր Նորքի մասնաճյուղը տրամադրում է բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ բոլոր տարիքային խմբերի բուժառուներին։ Մանկական ծառայությունները ներառում են՝ ընտանեկան բժիշկի, ուլտրաձայնային հետազոտությունների, էխոսրտագրության և իմունիզացիայի (պատվաստումների) ծառայությունները, իսկ մեծահասակները, բացի վերոնշյալներից, կարող են նաև օգտվել սրտաբանական, նյարդաբանական, էնդոկրինոլոգիական, մաշկաբանական, գինեկոլոգիական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական և վիրաբուժական ծառայություններից։
Կենտրոնի մասնագետների կողմից իրականացվում են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններով բուժառուների դինամիկ հսկողություն և այլն։
Կազմակերպվում է նաև բժշկական ցուցումներով բուժառուների հոսպիտալացումը՝ էլեկտրոնային ուղեգրումներով։

««Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի առաքելությունն է մատուցել որակյալ կանխարգելիչ բուժօգնություն՝ ներառյալ միջազգային առողջապահական կառույցների կողմից առաջարկվող սքրինինգային հետազոտություններ: Մեր տեսլականն է լինել պոլիկլինիկական ծառայություններ մատուցող առաջատար կառույց, բուժառուների հետ ձևավորել շարունակական բուժսպասարկման մշակույթ, խթանել կանխարգելիչ առողջապահության դերը Հայաստանում։ Մեր արժեքներն են ընտանիքակենտրոն մոտեցումը, որակյալ բուժօգնությունը, թիմային աշխատանքը և փոխադարձ վստահությունը», - ընդգծել է «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Նոր Նորք մասնաճյուղի պոլիկլինիկական ծառայությունների պատասխանատու` Գոհար Պետրոսյանը:
Պոլիկլինիկայի կողմից մատուցած ծառայություններն ընդգրկում են առաջնային օղակի բուժսպասարկման ողջ սպեկտրը։ Կցագրված բուժառուները՝ թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները, կարող են անվճար օգտվել պետպատվերի շրջանակում ներառված բոլոր ծառայություններից: Ի լրումն, հիմնվելով զարգացած երկրների փորձի վրա, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ն առաջարկում է սքրինինգային (կանխարգելիչ) հետազոտությունների շատ ավելի լայն շրջանակ, որոնց մեծ մասը՝ նույնպես անվճար։
Սքրինինգային հետազոտությունների ընդլայնված փաթեթները մշակվել են հիմնվելով միջազգային առողջապահական փորձի վրա։ Դրանց նպատակն է կանխարգելել և/կամ վաղ փուլում հայտնաբերել տարբեր հիվանդությունների հավանականությունը բնակչության բարձր ռիսկի խմբերի մոտ։
Երեխաների համար նախատեսված սքրինինգային ընդլայնված փաթեթը՝ ի ավելում պետության կողմից երաշխավորված ծառայությունների, ներառում է նաև մի շարք այլ խորհրդատվություններ։

«Առողջության առաջնային պահպանման օղակն առողջապահական համակարգի կարևորագույն բաղադրիչն է՝ առողջության պահպանման, հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխարգելման և իրազեկման համատեքստում: «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ն իրականացնում է այս գործառույթները՝ առաջնորդվելով ապացուցահեն բժշկության սկզբունքներով և միջազգային որակի ստանդարտներով», - ընդգծում է «Ուիգմոր Գրուփ»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը:
Նրա խոսքով «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն» պոլիկլինիկաների հիմնադրումը և ընդլայնումն արտացոլում են «Ուիգմոր Գրուփ»-ի տեսլականը՝ Հայաստանում որակյալ և հասանելի բուժօգնություն տրամադրել բոլոր օղակներում և նպաստել ոլորտի համակարգային զարգացմանը։
«Մեր առաքելությունը մնում է անփոփոխ․ բարձրորակ բուժսպասարկումը իրական և հասանելի դարձնել Հայաստանում», - ընդգծում է Տաթևիկ Քոլոյանը։
Պոլիկլինիկային կցագրվելու պայմաններին և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել www.wigmore.am կայքը:
***
«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ը առողջապահության առաջնային պահպանման օղակ է (պոլիկլինիկա):
Այն մատուցում է պոլիկլինիկական ծառայություններ Պուշկին 56 և Լվովյան 2 հասցեներում և սպասարկում է թե՛ մեծահասակներին, թե՛ երեխաներին՝ հավասարապես կարևորելով ինչպես հիվանդությունների բուժումը, այնպես էլ դրանց կանխարգելումը։
Պոլիկլինիկան տրամադրում է ինչպես պետական պատվերի շրջանակներում կատարվող անվճար ծառայություններ, այնպես էլ միջազգային առողջապահական կազմակերպությունների կողմից առաջարկվող լրացուցիչ ծառայություններ, որոնց մի մասը՝ նույնպես անվճար:
Պոլիկլինիկայի մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ, ժ․9։00-19։00 ինչպես նաև իրականացվում է հերթապահություն և իմունականխարգելման ծառայություն (պատվաստումներ) շաբաթ օրերը ժ․10։00-14։00։