Հայաստան

Մեկ պահպանվող անձն այսուհետ պետք է ուղեկցվի միայն մեկ տրանսպորտային միջոցով, թիկնապահների թիվը չի կարող գերազանցել երեքը

4 րոպեի ընթերցում

Մեկ պահպանվող անձն այսուհետ պետք է ուղեկցվի միայն մեկ տրանսպորտային միջոցով, թիկնապահների թիվը չի կարող գերազանցել երեքը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի փաթեթին, որով նախատեսվում են ոլորտը կարգավորող մի շարք լավարկումներ և բարեփոխումներ․ մասնավորապես, մեկ պահպանվող անձին այլևս հնարավոր չի լինելու ուղեկցել երկրորդ մեքենայի միջոցով և թիկնապահական ծառայությունն իրականացվելու է մեկ տրանսպորտային միջոցով, իսկ թիկնապահների թիվը չի կարող գերազանցել երեքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանության արժանացավ հանձնաժողովի՝ մարտի 20-ի հերթական նիստում։

Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը զեկույցի ընթացքում նշեց, որ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի փաթեթի նպատակը մասնավոր պահնորդական ընկերությունների գործունեության լավարկումն է։

Մկրտչյանը նշեց, որ փոփոխությունների փաթեթը ներառում է երեք հիմնական ուղղություն, որից առաջինը վերաբերում է օրենսդրության որոշակիացմանն ու ստանդարտացմանը։

«Հաջորդ որոշակիացումը լիցենզիա ստանալու հայտ ներկայացնելու պահին առնվազն 10 որակավորված պահնորդ ունենալու հանգամանքն է, որը գործող օրենսդրությամբ սահմանում է ընդամենը 1 որակավորված պահնորդ ունենալը»,-նշեց  Արմեն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ գործունեության այս տեսակը պետք է ունենա պարտադիր ապահովագրության պահանջ, որը պետք է նախորդ տարվա ընթացքում մատուցած ծառայությունների համար գանձված վճարների կրկնակի չափն ունենա, բայց ոչ պակաս, քան 10 միլիոն դրամը․ «Եթե պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության սխալի հետևանքով պահպանվող օբյեկտը վնաս կկրի կամ որևիցե կերպ կտուժի, այս դեպքում ապահովագրական ծառայությունը համապատասխան գումարի չափով պետք է փոխհատուցի այս վնասները»։

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի զեկուցմամբ՝ հաջորդ փոփոխությունը վերաբերում է մասնավոր պահնորդական գործունեությամբ զբաղվելու համար պետական տուրքի բազային դրույթաչափը 500 հազարապատիկից երեք հազարապատիկի չափով բարձրացնելուն։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև Ներքին գործերի նախարարությանը տրամադրել էլեկտրոնային հարթակ, որի միջոցով գերատեսչությունը կկարողանա վերահսկել պահնորդական ծառայությունների իրականացրած գործունեությունը։

«Գործունեության ոլորտում նախատեսել ենք խստացումներ, մասնավորապես, մեկ պահպանվող անձին հնարավոր չի լինելու ուղեկցել երկրորդ մեքենայի միջոցով, այսինքն՝ թիկնապահական ծառայությունն իրականացվելու է մեկ տրանսպորտային միջոցով, իսկ թիկնապահների թիվը չի կարող գերազանցել երեքը»,-ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ հավելելով, որ ուսումնասիրվում են նաև ոստիկանության պահնորդական պահպանության ներքո գտնվող օբյեկտների ցանկը, որի արդյուքնում որոշ օբյեկտներ դուրս են գալու ոստիկանության պահպանման պատասխանատվությունից՝ հանձնվելով մասնավոր պահնորդական ծառայություններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում