Մշակույթ

Երևանում կայացել է «Կենդանի դասական-2025» պատանի ընթերցողների միջազգային մրցույթի ազգային եզրափակիչ փուլը

2 րոպեի ընթերցում

Երևանում կայացել է «Կենդանի դասական-2025» պատանի ընթերցողների միջազգային մրցույթի ազգային եզրափակիչ փուլը

Երևանի Ռուսական տանը կայացել է «Կենդանի դասական-2025» պատանի ընթերցողների միջազգային մրցույթի ազգային եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 28 դպրոցականներ մարզերից ու մայրաքաղաք Երևանից:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ժյուրիի անդամ, ԵՊՀ Ռուսական կենտրոնի ղեկավար Արուսյակ Ներսեսյանը նշել է, որ լեզվին տիրապետելու առումով տարեցտարի մասնակից դպրոցականները որակապես նոր մակարդակ են ապահովում:

«Արտահայտությունից, առոգանությունից, որոշ շարժումներից, հույզերից հասկանում ես, թե որքանով են նրանք տիրապետում տեքստին։ Այսինքն՝ հասկանում ես, որ նրանք ոչ թե անգիր են սերտել տեքսը, այլ զգացել են այն, վերապրել»,- ասել է մեր զրուցակիցը և ավելացրել, որ, դատելով հայտերի քանակից, ամեն տարի մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը շարունակ մեծանում է:

Առաջինից երրորդ մրացանակային տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Երևանի «Շիրակացու» անվան գիտակրթական ճեմարանը, Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական և Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի Հայրիկ Ղազարյանի անվան դպրոցները ներկայացնող սաները: Եվս ինը մասնակից արժանացել են հատուկ մրցանակի:

Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները մրցանակներ են ստացել Ռուսական տան կողմից։

Ազգային եզրափակիչ փուլի հաղթողները հնարավորություն կստանան Ռոսսոտրուդնիչեստվոյի ծրագրով ամռանը մեկնել ՌԴ՝ «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում կայանալիք մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար:

Մրցույթին մասնակցում են Ռուսաստանի բոլոր շրջաններից և աշխարհի 80 երկրից պատանի ընթերցողներ։

Նշենք, որ Հայաստանից մասնակիցները երեք անգամ դարձել են «Կենդանի դասականների» միջազգային եզրափակչի հաղթող՝ 2013, 2018 և 2023 թվականներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում